Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին


«Այսօր մենք աշխատում ենք ավելի խորը բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան ապահովել դատարանների անկախության ավելի բարձր աստիճան եւ ավելի խորը հարգանք մարդու իրավունքների նկատմամբ», - ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստային:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, բարեփոխումներն ի սկզբանե նպատակ են հետապնդել ձեւավորել անկողմնակալության, անկախության սկզբունքների վրա հիմնված որակապես նոր դատաիրավական համակարգ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները` հատկապես դատարանների անկախության ապահովման տեսանկյունից, եւ դրանք համարել է բավական հետաքրքիր ու ուշագրավ:

Ժան Պոլ Կոստան Հայաստանում է «Մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության բնագավառում Սահմանադրական դատարանների եւ Մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության միջազգային փորձը» խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ռոբերտ Քոչարյանը ողջունել է խորհրդաժողովի անցկացումը Երեւանում` նշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների տեսակետից շատ կարեւոր ժամանակահատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG