Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը վաղը կմեկնի Դուշանբե


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, այլ պաշտոնյաներ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ԱՊՀ-ի երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը: Քննարկման գլխավոր հարցն է ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգը եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը:

ՀԱՊԿ-ի ղեկավարների նեղ շրջանակով նիստի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակություն 2007 թվականի երկրորդ եւ 2008 թվականի առաջին կիսամյակներում կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունների վերաբերյալ:

Խորհրդի նիստի քննարկմանը եւ ստորագրմանը կներկայացվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտներում կազմակերպության անդամ պետությունների գործակցության նորմատիվային-իրավական բազան:

Տաջիկստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերի աշխատանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG