Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ընդհանրապես իշխանությունը «ցեխ շպրտելու» հարցում որդեգրել է հետեւյալ մարտավարությունը. կոալիցիայի կուսակցությունները (ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն) իսկապես որոշակի զսպվածություն են դրսեւորում` առայժմ փորձելով պահպանել սոլիդությունը: Փոխարենը «առաջին գիծ» են մղվում quasi-ընդդիմադիրները` Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Գ. Սարգսյանը, Մանուկ Գասպարյանը: Նրանց դեմ տալով` իշխանությունը լուծում է երկակի խնդիր. նախ` փչացնել ընդդիմության գաղափարն առհասարակ, երկրորդ` նրանց ձեռքերով կատարել «սեւագործ» քարոզչական աշխատանքը»: «Կա ավելի հեռահար նպատակ` խուսափել ուղիղ բանավեճից: Բնականաբար` ոչ փողոցների լուսավորության մասին», - ամփոփում է թերթի գլխավոր խմբագիրը:

«168 ժամ»-ը «Մանր առեւտուր քաղաքական դախլեքի հետեւում» վերնագրի ներքո գրում է. - «Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո մի պահ թվում էր, թե Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել սանիտարական մաքրում: Որովհետեւ, անկախ նրանից, թե ինչ ուժեր են ներկայացնում 4-րդ գումարման Ազգային Ժողովը, մի լավ հետեւանք, այնուամենայնիվ, այդ ընտրությունները թողեցին` «բազարչի» քաղաքական ուժերը լքեցին քաղաքական ասպարեզը»: «Բայց հերիք էր 10 տարի լռելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ ինքն «այսօր դեռ որոշում չունի», իսկ հետո էլ ավելացնի, որ «այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր առողջ ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջը», որպեսզի բոլոր անառողջ, հակահասարակական եւ անմիտ էլեմենտներն աշխուժանան», - գրել է թերթն ու հավելել. - «Ինչ վերաբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյան - ՀՅԴ հանդիպմանը, որը մասսայական շոկ է առաջացրել քաղաքական դաշտում ու էլ ավելի է խառնել «մանր առեւտրականների» քարտերը, ապա շախմատային տերմինաբանությամբ դա ոչ թե «ձիու քայլ էր», այլ ընդամենը գեղեցիկ էտյուդ»։

«Հայք»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ինչո՞վ են զբաղված այսօր Հայաստանի իշխանավորները, նրանց ծառայող քաղաքական գործիչները եւ նրանց փոքր ու մեծ կարիքները հոգալու մեջ իրենց մխիթարությունը որոնող փոքր ու մեծ չինովնիկները։ Ոմանք կասեն, թե նրանք պատրաստվում են հաջորդ տարի կայանալիք նախագահի ընտրությանը։ Եվ կսխալվեն, քանի որ նրանց գործունեությունը ոչ մի աղերս չունի ընտրություն կոչվածի հետ», - պնդել է խմբագրականն ու փաստարկել. - «Իշխանավորները եւ նրանց ծառայող ուժերը իրականում զբաղված են ժողովրդին հիպնոսացնելու գործով։ Եթե մարդիկ ոչ միայն բերանները բաց լսեն, այլեւ փորձեն հասկանալ, թե ինչ են ասում Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Շավարշ Քոչրայանը, «Հայլուր»-ի մեկնաբանները, ապա կհամոզվեն, որ նրանք փորձում են հիպնոսացնել մի ամբողջ ժողովրդի։ Ինչ-որ տեղից լսել են, որ որեւէ միտք տեղ հասցնելու համար անհրաժեշտ է կրկնել այն առնվազն 23 անգամ, եւ կրկնում են»։

Փաստելով, որ այս տարվա համեմատ եկող տարի կառավարությունը պատրաստվում է պետական բյուջե գանձել 47 միլիարդ դրամով ավելի եկամուտ` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Սա լուրջ աճ է եւ, անշուշտ, ռիսկային տարրեր է պարունակում։ Խնդիրն ամենեւին այն չէ, որ տնտեսության մեջ նման եկամուտներ չեն ձեւավորվում։ Պարզապես, միանգամից կոպիտ միջամտությունները կարող են լուրջ տնտեսական հետեւանքներ ունենալ, հատկապես, որ Հայաստանում տնտեսավարողները հիմնականում գործում են, այսպես ասած, տարբեր հարկային ռեժիմներում եւ օգտվում գրված ու չգրված օրենքներից»։

«Հայկական ժամանակ»-ն այսօր պնդել է, որ «չնայած հավաստիացումներին, թե առնվազն մինչեւ 2008 թվականի վերջը գազի գինը Հայաստանում չի բարձրանա, այդուհանդերձ, 2008-ի նախագահական ընտրություններից հետո գազը թանկանալու է, այն էլ՝ բավական զգալի չափով»: Վկայակոչելով կառավարության աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, մեկնաբանը պնդել է, որ գազը կթանկանա եկող տարվա ապրիլի 1-ից։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG