Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը


Երեւանում այսօր մեկնարկեց շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 50 երկրների 150 ներկայացուցիչներ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՖԻԴԵ-ի եվրոպական 5-րդ գոտու նախագահ Գագիկ Հովհաննիսյանի խոսքերով, մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով` 13 տուրով: Հովհաննիսյանի կարծիքով, այս մրցաշարը նախորդներից տարբերվում է մասնակիցների ավելի ուժեղ կազմով:

Տղաների պայքարում վարկանիշային ամենաբարձր ցուցանիշն ունի Չինաստանը ներկայացնող 18-ամյա գրոսմայստեր Հաու Ուանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ Երեւան է եկել հաղթելու նպատակով:

«Պարզապես ուզում եմ հաղթել այս մրցաշարում, լավ մարզավիճակում եմ, եւ կարծում եմ, ճիշտ ժամանակն է բոլորին ցույց տալ իմ շախմատային ունակությունները», - ասաց չինաստանցի գրոսմայստերը:

Աղջիկների պայքարում մասնագետները ֆավորիտ են համարում Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հարիկա Դրոնավալիին: Հենց նա էլ մրցաշարի առաջին համարն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հարիկան նշեց, որ այս պահին դժվար է նշել ուժեղագույններին:

«Այս տարիքային խմբում դժվար է կանխատեսումներ անել: Ամեն ինչ պարզ կդառնա մի քանի փուլ հետո: Ուզում եմ այս մրցաշարում իմ լավագույն պարտիաները խաղալ: Նախորդ տարի անհաջող հանդես եկա եւ միայն 9 րդ տեղը զբաղեցրեցի»,- ասաց նա:

Հարիկան խոստովանում է, որ ամեն անգամ մեծ սիրով է Երեւան գալիս: Քաղաքը շատ է սիրում, ինչպես ինքն է ասում` գիտի բոլոր փողոցները, սրճարաններն ու ակումբները, այսօր էլ խաղից հետո պատրաստվում է շրջել Երեւանի փողոցներով:

Մրցաշարում Հայաստանը ներկայացված է 22 մարզիկներով` 12 տղա եւ 10 աղջիկ: Միջազգային վարպետ Յուրի Համբարձումյանը մրցաշարին 2-րդ անգամ է մասնակցում, ասում է, որ հույս ունի կրկնել Զավեն Անդրեասյանի նախորդ տարվա հաջողությունը:

Երեւանում շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը 4-րդ անգամ է անցկացվում, ընդ որում` 2-րդ տարին անընդմեջ:

Ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ էլ մրցաշարին մասնակցելու հայտ չի ներկայացրել Ադրբեջանի ֆեդերացիան, թեեւ Հայաստանը երաշխավորել էր ադրբեջանցիների անվտանգությունը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG