Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդուման սատարում է Վրաստանի ընդդիմությանը


Ռուսաստանի Պետդուման այսօր միաձայն հայտարարություն է ընդունել, որում մտահոգություն է հայտնում Վրաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացների կապակցությամբ եւ սատարում է վրացական ընդդիմությանը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, «Վրաստանյան իշխանությունների հակաժողովրդավարական քաղաքականության եւ Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարման մասին» վերնագրված փաստաթղթում Պետդուման նաեւ առաջարկում է անցկացնել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների անկախ քննություն:

Ռուսաստանցի խորհրդարանականները քննադատում են Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի որդեգրած դիրքորոշումը` մտահոգություն հայտնելով «ընդդիմության նկատմամբ վրաստանյան իշխանությունների արածին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գործնականում անվերապահ աջակցության» առնչությամբ:

Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ բողոքի ակցիաներ են անցկացնում` կապված երկրի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի ձերբակալության հետ:

Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախկին զինակցի ձերբակալությունը, վրաց ընդդիմադիրների համոզմամբ, պատասխանն է նրա հայտարարությունների, որոնցում Օքրուաշվիլին Սահակաշվիլիին մեղադրել էր քաղաքական սպանություններ պատվիրելու, կոռուպցիայի, երկիրը «ֆաշիստական» մեթոդներով կառավարելու, Վրաց ուղղափառ եկեղեցին վարկաբեկելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG