Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում Հրանտ Դինքի սպանության հանգամանքները քննող ենթահանձնաժողով կստեղծվի


Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը որոշել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հանգամանքների քննության նպատակով ենթահանձնաժողով ստեղծել:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, ենթահանձնաժողովը մեկնելու է Ստամբուլ եւ Դինքի սպանությունը կատարելու համար մեղադրվող 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի հայրենի քաղաք Տրապիզոն եւ ուսումնասիրություններ է կատարելու, որոնց արդյունքները ներկայացնելու է խորհրդարանի խոսնակի գրասենյակ:

«Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ, անհրաժեշտության դեպքում ենթահանձնաժողովը իրավասու կլինի միջամտել գործի քննության ընթացքին:

Ենթահանձնաժողովի ստեղծման մասին երեկ խոսել է նաեւ «Ազատություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից խորհրդարանական Յուֆուք Յուրասը` հայտնելով, որ դրանում ընդգրկվելու են տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորներ:

«Զաման» թերթի փոխանցմամբ, Յուրասը շեշտել է, որ Դինքի սպանության իրական հեղինակներին գտնելու համար քաղաքական կամք է պետք:

Թուրքիայի իշխանությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների հասցեին մեղադրանքներ են հնչում Դինքի սպանությունը չկանխելու, իսկ սպանությունից հետո հանցագործության հանգամանքները քողարկելու, էական ապացույցներ թաքցնելու եւ վերացնելու մեջ: Մասնավորապես, օրերս նման հայտարարությամբ է հանդես եկել Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը` մատնանշելով կոնկրետ օրինակներ:

Հայազգի լրագրողի սպանության գործով դատավարությունը վերսկսվել է երկուշաբթի օրը: Սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթը, երեկվա դատական նիստում հայտարարելով, որ սպանությունը կատարել է թմրադեղերի ազդեցության տակ, վստահեցրել է, թե զղջում է արածի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG