Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը, անդրադառնալով անցյալ շաբաթ ՀՅԴ-ի «Սիմոն Վրացյան» կենտրոնում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի եւ նախկին արտգործնախարար, ՀՀՇ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանի հանդիպմանը Դաշնակցության ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ, գրել է. - «Ոչ ՀՀՇ-ն եւ ոչ էլ ՀՅԴ-ն անցյալում երբեք չեն փայլել քաղաքական կուլտուրայով: Ըստ երեւույթին, երրորդ կողմն է նրանց ստիպել իրար մոտ գնալ»: «Մի կողմից լավ է` նախագահական ընտրությունների շեմին կանգնած երկրում հանդուրժողականության օրինակ են ցույց տալիս` մի քանի օր առաջ վարչապետը, վերջին օրերին` ՀՅԴ-ն ու ՀՀՇ-ն, վերջինս ձեռի հետ էլ ընդդիմադիր մյուս գործիչներից խլում է բանակցությունները գործնական փուլ մտցնելու նախաձեռնությունը», - գրում է թերթը` հավելելով. - «Մյուս կողմից` թաքնված «երեւույթ մը» եւս կարող է լինել այս բոլորի տակ, ինչու մեկը` երկուսը. հանդիպումների սայրը ուղղել մեկ երրորդ կողմի` ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի դեմ, փորձել սասանել նրա թեկնածուի նախագահական հիմնական ֆավորիտ լինելու հանգամանքը, սա մեկ, երկրորդ` ժողովրդի մեջ առաջին նախագահի սեպտեմբերքսանմեկյան ելույթից հետո բարձրացած քննադատության ալիքն այսպիսով կարող է մեղմվել այս մտայնությամբ` եթե ՀՀՇ-ից ժամանակին տուժած ՀՅԴ-ն է նրան ընդունում, ուրեմն կարելի է նաեւ մի փոքր ներողամիտ վերաբերվել նրան»:

«Հայոց Աշխարհ»-ը «Ազգի պապան գալիս է` դիմավորեք» վերնագրի ներքո գրում է. - «Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դատելով ամենից, հհշական ռեւանշի պարտիան որոշել է ձիու քայլերից սկսել: Այսինքն` անել այն, ինչը, առնվազն ռացիոնալ քաղաքական տրամաբանության շրջանակում, ամենից քիչ կարելի էր սպասել... Այդպիսով Տեր-Պետրոսյանը մի հարվածով մի քանի նապաստակ խփեց։ Նախ, փաստեց, որ «ուսումնասիրելու, կշռելու, քննելու» հետ կապված տվայտանքները մի կողմ դնելով՝ հրատապության կարգով որոշել է առաջադրել սեփական թեկնածությունը, քանզի քաղաքական շահն այդ է թելադրում։ Միաժամանակ հերքեց (գոնե փորձեց հերքել) նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնության կարծիքը, թե, վերադառնալով «ակտիվ քաղաքականություն», Տեր-Պետրոսյանը դառնալու է շարքային քաղաքական գործիչ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։ «Համաձայնեք», - հավելել է մեկնաբանը, - «ամեն շարքային գործիչ չէ, որ, քաղաքական նպատակահարմարության նկատառումներով կգնա ու կսեղմի հհշական «դեմոկրատական ազատություններից» առավելագույնս տուժած ավանդական կուսակցության լիդերների ձեռքը, որին մեղադրում էր Հայաստանի ներսուդրսում «ահաբեկչական կառույցներ» պահելու, ավելին՝ արեւմտահայության գլխին ցեղասպանություն սարքելու մեջ»։

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, նույն թեման արծարծելով, գնահատել է. - «Անկախ ամեն ինչից, սա քաղաքական նոր կուլտուրայի հիմք կարող է դառնալ, երբ քաղաքական հակադիր ուժերը երկրի համար ճակատագրական պահերին կարող են ինչ-ինչ վերկուսակցական, վերխմբային նպատակների իրագործման համար նաեւ որոշակի ջանքեր մեկտեղել։ Թե՛ դաշնակցությունը եւ թե՛ Տեր-Պետրոսյանը, այսպիսով, իրենց համար վնասակար ստերեոտիպեր ջարդեցին. ՀՅԴ-ին շատ են մեղադրել նրանում, որ ինքը ինքնուրույն քաղաքական ուժ չէ, եւ որ այն ընդամենը սպասարկում է Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ կսպասարկի Սերժ Սարգսյանին»։ «Այս քայլով Դաշնակցությունը եւս մեկ անգամ փաստեց, որ բացարձակապես ինքնուրույն ուժ է», - ընդգծել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Ինչ վերաբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, վերջինիս համար կարեւոր էր հանրությանը հիշեցնել, որ ինքը հայտնի է որպես լայնախոհ պետական գործիչ, որը կարեւոր է համարում շփումները եւ պարզաբանումները անգամ իրեն ամենահակադիր քաղաքական եւ հասարակական ուժերի հետ»։

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը, իր հերթին, ՀՅԴ-ի գրասենյակում կայացած հանդիպմանն անդրադառնալով, նկատել է. - «Որ այս հանդիպումը Քոչարյան-Սարգսյան զույգի սրտով չէր, եւ նրանք ամեն ինչ կտային, որ այն չկայանար, ակնհայտ է։ Ինչպես ակնհայտ է այն, որ նման հանդիպումների արդյունքում կարող են փլվել իշխանության տարիներով կառուցած հաշվարկները եւ մի օր հանկարծ կարող է պարզվել, որ մինչ նա զբաղված էր զանազան ինտրիգներ հյուսելով՝ հողը նրա ոտերի տակից գնացել է։ Մյուս կողմից, այս այցելությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց մեղմել իր դեմ ուղղվելիք հակաքարոզչության սլաքը՝ ՀՅԴ-ն լրատվական մեծ պոտենցիալ ունեցող ուժ է եւ նրա չեզոքությունը այս շրջանում շատ կարեւոր է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG