Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը վրդովմունքով է ծանոթացել նախկին պետքարտուղարների նամակին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վրդովմունքով է ծանոթացել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարների նամակի բովանդակությանը, «որով դրդում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին տապալել Ներկայացուցիչների պալատի 106 բանաձեւը»:

«Ես արդեն գրել եմ խոսնակ Փելոսիին` արտահայտելով մեր խորը մտահոգությունները եւ ցրելով հետեւանքների մասին այն սին հայտարարությունները, թե որեւէ բանաձեւ, որն անդրադառնում է մարդու իրավունքների ու ցեղասպանության հարցերին, կարող է վնասել որեւէ երկկողմ հարաբերություններին», - տեղեկացնում է նախարարը իր հայտարարությունում, որը այսօր տրամադրել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

«Իրոք ցավալի է, որ ութ փորձառու դիվանագետներ տեղիք են տալիս Թուրքիայի մեքենայություններին: Այդ նամակում տեղ գտած շատ հարցերի հետ կարելի է չհամաձայնել, հատկապես` այդպիսի բանաձեւի կարծեցյալ վնասների առումով», - ընդգծում է Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով նախկին պետքարտուղարների «այն անազնիվ հայտարարությանը, ըստ որի, այդպիսի բանաձեւը «վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հասնելու ջանքերին», Հայաստանի արտգործնախարարը շեշտում է. - «Ես ափսոսանքով եմ նշում, որ որեւէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, գոյություն չունի: Մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով` պարզապես շինծու կեցվածք է»:

«Հայաստանը մշտապես պատրաստ է եղել նորմալ հարաբերություններ հաստատել իր հարեւանի հետ: Այնուհանդերձ, նորմալացման հանգեցնող յուրաքանչյուր նախաձեռնություն արժանացել է Թուրքիայի մերժմանը: Փոխարենը, վերջինս շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում», - հայտարարում է Վարդան Օսկանյանը` պարզաբանելով. - «Թուրքիան առաջարկներ է ներկայացնում, որոնք պարզապես անվերջ բանակցությունների հայտ են` առանց հարեւանների միջեւ նվազագույն, սովորական հարաբերությունների հասնելու լուրջ հանձնառությունների»:

Մասնավորապես, ըստ Հայաստանի արտգործնախարարի, ցավոտ պատմական իրադարձությունները քննարկելու նպատակով պատմական հանձնաժողով կազմելու` թուրքական կողմի կոչը «լուրջ չէ` հաշվի առնելով ազատ խոսքի եւ քննարկման վրա դրված սահմանափակումներն իրենց քրեական հետեւանքներով եւ այն ոչ բարեկամական մթնոլորտը, որ Թուրքիան է ստեղծել` Հայաստանի հետ սահմանները փակ պահելով»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG