Մատչելիության հղումներ

Պարգեւ Օհանյանի վերաբերյալ որոշումը Արդարադատության խորհուրդը կհրապարակի հոկտեմբերի 12-ին


Այսօր ավարտվեց մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի` երեկ սկսված քննությունը Արդարադատության խորհրդի նիստում: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 12-ին:

Երեկ խորհրդում ներկայացվել էին կատարված ստուգում-ուսումնասիրությունների ամփոփումն ու եզրակացությունը: Իսկ այսօր հերթը Պարգեւ Օհանյանինն ու նրա փաստաբան Հայկ Ալումյանինն էր:

Վերջիններս ներկայացրեցին իրենց բացատրությունները, փաստարկեցին եւ օրենքի կոնկրետ դրույթներով հիմնավորեցին, որ դատական դեպարտամենտի անդամները իրենց լիազորություններից դուրս ստուգում են կատարել` եւ ո’չ ուսումնասիրություն:

«Դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումներով», - ասաց Հայկ Ալումյանը: - «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը չի համապատասխանում օրենքով նախատեսված ձեւին ու բովանդակությանը: Եզրակացության հիմնավորումները չեն բխում օրենքից: Հանձնաժողովի անդամները եւ դատական դեպարտամենտի աշխատակիցները, ըստ էության, վերանայել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը»:

Ալումյանը նկատի ուներ, որ եզրակացության մեջ ընդգրկված 20 գործերից 16-ը եղել են ուժի մեջ մտած դատավճիռներ, ինչը, ըստ փաստաբանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների լիազորությունների շրջանակներում է:

Ուշագրավ է նաեւ, որ դատական դեպարտամենտի աշխատակիցները այս տարվա մարտի 27-ից մինչեւ ապրիլի 19-ը ուսումնասիրություններ են կատարել Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների դատարանում, սակայն, Ալումյանի խոսքերով` «դատավոր Պարգեւ Օհանյանի կողմից խախտումներ չեն հայտնաբերել»:

«Դատավորի կողմից «Ռոյալ Արմենիա»-ի գործով արդարացման դատավճիռ կայացնելուց հետո», - շարունակեց Ալումյանը, - «նույն դեպարտամենտի աշխատակիցները, արդեն չունենալով որեւէ օրինական հիմք, նորից մտնում են դատարան, նորից սկսում են ուսումնասիրությունների քողի տակ կատարել ստուգումներ, եւ այս անգամ արդեն հայտնաբերում են դատավորի` մոտ թվով 20 խախտում: Եվ այդ «խախտումները» հայտնաբերում են նույնիսկ այն ժամանակահատվածի համար, որի համար առաջին ստուգմամբ ոչ մի բան չէր հայտնաբերվել»:

Դատավոր Պարգեւ Օհանյանի որակմամբ` կատարվածը «դատավորի անկախության կոպիտ եւ ամոթալի ոտնահարում է»:

«Ես դատավոր եմ, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեմ եւ ցանկություն էլ չունեմ», - դեռ մինչեւ որոշման հրապարակումը ասել էր Օհանյանը: - «Ընդդիմադիր չեմ: Ես ինքս եմ իշխանություն... Ես ընդամենը իմ գործն եմ արել` արդարադատություն եմ իրականացրել, օրենքն եմ կիրառել, օրենքի գերակայությունը պահպանել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG