Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին


Հաղորդելով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի եւ Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ նրա առաջին հանդիպման մասին` «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը երեկ երեկոյան Մոսկվայում մեկնաբանել է նաեւ հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների թեման:

«Կարծում եմ, շատ տարօրինակ կլինի եվրոպացիների համար իրենց ընտանիք ընդունել մի երկիր, որը երբեմն կիրառում է Եվրամիության սկզբունքներին հակասող սկզբունքներ», - ասել է Սերժ Սարգսյանը` հիշեցնելով, որ Թուրքիան առ այսօր փակ է պահում սահմանը Հայաստանի հետ:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Թուրքիան այսօրվա դրությամբ Հայաստանի հետ չունի դիվանագիտական կապեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սատարում է իր մահմեդական դաշնակից Ադրբեջանին:

Սերժ Սարգսյանը երեկ հույս է հայտնել, թե ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի: «Կարծում եմ, ինչքան ժամանակ անցնի, այնքան նրանց համար ավելի դժվար կլինի մնալ այդ դիրքորոքմանը, որովհետեւ Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը եւ երկարատեւ բանակցային գործընթացի մեջ է լինելու», - ասել է Հայաստանի վարչաետը:

Սերժ Սարգսյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցելու նպատակը Անկարային կարող է ստիպել՝ փոխել դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանի եւ դիվանագիտական կապերի հարցում:

«Այնպես որ, գնդակը թուրքերի դաշտում է, մեզանից ոչինչ կախված չէ», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ասել է Հայաստանի վարչապետը:

«Թըքիշ դեյլի նյուզ» օրաթերթը նշել է, որ հայերը Եվրոպայում ծրագրում են բողոքի ակցիաներ, որոնց նպատակն է կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Ակցիաները նախատեսված են դեկտեմբերի 14-ին Բրյուսելում: Այդ օրը սկսվելու է Եվրամիության գագաթնաժողովը, որի ընթացքում, հավանաբար, անդրադարձ կլինի Թուրքիայի անդամակցության բանակցություններին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG