Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. - «Տեր-Պետրոսյանի առաջադրումը «սրություն եւ գաղափարական էլեմենտ կմտցնի պայքարի մեջ»


Գրեթե տասնամյա լռությունից հետո սեպտեմբերի 21-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում գործող իշխանությունների քաղաքական գնահատականը տվեց, ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակը: Նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` անկախության ոչ հոբելյանական 16-րդ տարեդարձը համարեց «շրջադարձային»:

«Մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ», - ասել էր Տեր-Պետրոսյանը: - «Ունենք երկու ճանապարհ, մեկը` պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն, պետության, ավելի շուտ իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով... Այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է»:

Հանրապետության ընդդիմադիր կամ իշխանամետ գործիչները չեն շտապում մեկնաբանել ելույթում տեղ գտած գնահատականներն ու բնորոշումները: Գուցե պատճառը նաեւ այն է, որ Տեր-Պետրոսյանը դեռ որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է այնումենայնիվ ենթադրել, որ այս ելույթը մեծ քաղաքականություն վերադառնալու առաջին փորձն էր, Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ընդհանրապես զվարճալի ելույթ էր բավականին, որովհետեւ այնպիսի քննադատություն հնչեց ընդհանրապես օրվա վերաբերյալ, որ կարծես բնակչությունը արդեն մոռացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերը` քաղաքական հետապնդումները, ծանր տնտեսական ճգնաժամը, որը ոչ մի կերպ չի կարելի կապել պատերազմի հետ... Եվ վերջապես` այն տհաճ մթնոլորտը, ահավոր մթնոլորտը, որը բերեց հսկայական արտագաղթի: Այս ամեն ինչը, կարծես թե, մոռացվել է, եւ խոսվում է այսօրվա արատավոր երեւույթների մասին: Որոնք, անշուշտ, կան, եւ Դաշնակցությունը միշտ էլ առաջինն է ահազանգում»:

«Մենք, միեւնույն ժամանակ, գիտակցում ենք, որ այդ բոլոր հոռի երեւույթների արմատները հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում են: Եթե մեր պետականության ծառը ծուռ է աճել, ապա որովհետեւ ծուռ են տնկել», - ամփոփեց Վահան Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երկրի առաջին նախագահի ելույթի կապակցությամբ ասաց. - «Մենք ողջունում ենք առաջին նախագահի քաղաքացիական վերադարձը: Կարող եմ ասել, որ իր գնահատականները եկան հաստատելու այն իրավիճակը, որի մասին բարձրաձայնել են մեր քաղաքացիները եւ ընդդիմությունը այս վերջին տարիների բովում»:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դեռ անցյալ շաբաթ էր վստահություն էր հայտնել, որ եթե Տեր-Պետրոսյանը մտնի նախագահական ընտրապայքարի մեջ, ապա պայքարը կդառնա շատ ավելի «գաղափարական»:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով էլ, եթե անգամ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ թեկուզ ՀՀՇ-ից որեւէ մեկն առաջադրի իր թեկնածությունը, ապա «սրություն եւ գաղափարական էլեմենտ կմտցնի պայքարի մեջ` այն առումով, որ վեճի առարկա կդառնա երկրի ստրատեգիան». - «Հիմա, օրինակ, ավելի տակտիկական բնույթի բանավեճ է: Մենք ընդունում ենք, օրինակ, որ երկիրը որոշակի պրոգրես է ապրում, բայց համարում ենք, որ տակտիկական ճիշտ լուծումների դեպքում այդ պրոգրեսը շատ ավելի արդյունավետ կլինի, շատ ավելի արագ, շատ ավելի հեռու գնացած կլիներ: Տեր-Պետրոսյանի մասնակցությունը, անշուշտ, որոշակի սրություն կմտցնի այս բանավեճի մեջ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG