Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադը ժամանել է Նյու 3որք


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի ինտրիգներից մեկը վեհաժողովին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մասնակցությունն է:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, Իրանի նախագահը հերթական անգամ հանդես կգա հակաամերիկյան, հակաարեւմտյան եւ հակաիսրայելական հայտարարություններով, հերթական անգամ կպնդի, որ իր երկրի միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում եւ անպայման կշարունակվի՝ չնայած Արեւմուտքի հնչեցրած սպառնալիքներին:

Նախօրեին Ահմադինեջադը հարցազրույց է տվել CBS հեռուստակայանի «60 րոպե» ծրագրին` ասելով, թե Իրանը միջուկային ռումբ ստեղծելու նպատակ չունի: «Մեր ինչի՞ն է պետք այդ ռումբը: Քաղաքական հարաբերություններում միջուկային ռումբերն արդեն պետք չեն, եթե դրանք կիրառելի լինեին՝ հաստատ կկանխեին Խորհրդային Միության փլուզումը կամ կլուծեին խնդիրները, որոնք ամերիկացիներն ունեն Իրաքում», - ասել է Իրանի նախագահը եւ հավելել. - «Ռումբերի ժամանակն անցել է»:

ՄԱԿ-ում Իրանի նախագահի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին, մինչդեռ նրա նյույորքյան տեղաշարժերը այսօր էլ մամուլի ուշադրության կենտրոնում են. երեկոյան նա ելույթ կունենա Կոլումբիայի համալսարանում:

Մեծ թվով քաղաքական, կրոնական եւ հասարակական գործիչներ վերջին օրերին խստորեն դատապարտել են համալսարանի ղեկավարներին՝ Իրանի նախագահին ամբիոն տրամադրելու որոշման համար, սակայն հնչել են նաեւ կարծիքներ, որ համալսարանում Ահմադինեջադի հետ հանդիպումը կանխելը կգնահատվեր որպես խոսքի ազատության սահմանափակում:

Կոլումբիայի համալսարանի նախագահ Լի Բոլինգերը խոստացել է հանդիպման ժամանակ արծարծել «ամենաթեժ, հրատապ թեմաները՝ մարդու իրավունքների ոտնահարումը, Հոլոքոսթի մերժումը եւ միջուկային ծրագիրը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG