Մատչելիության հղումներ

Շաբաթաթերթը կարող է փակվել Պուտինին ծաղրելու համար


«Սարատով Ռեպորտեր» պարբերականը օգոստոսի 31-ի համարում հրապարակել է Վլադիմիր Պուտինի մասին մի ֆելիետոն եւ զետեղել ծաղրանկար, որտեղ նախագահը պատկերված է նացիստական Գերմանիայի «էս-էս»-ականի համազգեստով:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այժմ թերթին փակման վտանգ է սպառնում: «Եդինայա Ռոսիյա» («Միացյալ Ռուսաստան») իշխանամետ կուսակցության ակտիվիստ, իրավաբան Ալեքսանդր Լանդոն դատական գործ է հարուցել շաբաթաթերթի դեմ:

Ֆոտոկոլաժում Պուտինի գլուխը կցված է խորհրդային տարիներին նկարահանված «Գարնան 17 ակնթարթները» հայտնի կինոնկարի գլխավոր հերոսի, խորհրդային հետախույզ 0տտո ֆոն Շտիրլիցի մարմնին:

«Ռոյթըրզ»-ը նշում է, թե «Գարնան 17 ակնթարթները» համարվում է Պուտինի սիրված ֆիլմերից մեկը:

«Շտիրլիցը կապ չունի այս կոլլաժի հետ, այստեղ միանշանակ պատկերված է նախագահ Պուտինը, դուք պատկերացնո՞ւմ եք արեւմտյան որեւէ երկրի ղեկավարի ծաղրանկար՝ «էս-էս«-ականի համազգեստով: Սա հակասում է բարոյական եւ էթիկական բոլոր չափանիշերին», - ասել է Լանդոն:

Պուտինի նախաձեռնությամբ ստեղծված «Ռոսօխրանկուլտուրա» կառույցը, որը կոչված է վերահսկել ԶԼՄ-ների աշխատանքը, աջակցում է Լանդոյին:

«Միանգամայն ակնհայտ է, որ լկտիացած, անամոթ «Եդինայա Ռոսիայան» է այս դատական գործի հետեւեում», - ասել է պարբերականի գլխավոր խմբագիր Սերգեյ Միխայլովը եւ հավելել. - «Նրանք ինձանից վախենում են, նրանք գիտեն, որ «Եդինայա Ռոսիա»-ի վարկանիշը կարող է իջնել մեր քննադատական հոդվածների հետեւանքով»:

«Եդինայա Ռոսիա»-ի մարզային ակտիվիստը «Ռոյթերզ»-ին հորդորել է ուշադրություն չդարձնել Միխայլովի խոսքերին: «Այս թերթը մարդկանց հարգանքը չի վայելում: Խմբագիրը նման է շանը, որը հաչում է փղի վրա», - ասել է կուսակցության Սարատովի կազմակերպության խոսնակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG