Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բանակում ոչ մարտական պայմաններում տարեկան զոհվում է 3 հազար զինվոր


«Զինվորների մայրերի միություն» հասարակական կազմակերպության գործադիր քարտուղար Վալենտինա Մելնիկովան «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ Ռուսաստանում ամեն տարի ոչ մարտական պայմաններում զոհվում է շուրջ 3 հազար զինծառայող: Մահացության հիմնական պատճառներն են համարվում ծեծը, հալածանքները, բիրտ վերաբերմունքը եւ ինքնասպանությունները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներով, 2007-ի տարեսկզբից բանակում զոհվել է ավելի քան 300 զինծառայող: Սակայն Մելնիկովան պնդում է, որ նախարարության հրապարակած վիճակագրությունը չի արտացոլում իրական կացությունը, քանի որ ծեծի եւ հետապնդումների հետեւանքով մահվան դեպքերը շատ հաճախ չեն գրանցվում:

Բացի այդ, Մելնիկովայի փոխանցմամբ, պաշտպանության նախարարության վիճակագրությունում ներառված չեն մահվան դեպքերը դաշնային այլ գերատեսչությունների՝ ներքին գործերի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաեւ Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումներում:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանի բանակում ծառայում է մոտ մեկ միլիոն մարդ: Այլ զորքերի, ինչպես նաեւ Անվտանգության դաշնային ծառայության զինծառայողների ստույգ թիվը հայտնի չէ:

Վալենտինա Մելնիկովան ասել է, որ «Զինվորների մայրերի միությունը» բանակում մահվան դեպքերին վերաբերող տվյալները կազմել է իր, ինչպես նաեւ այլ հասարակական կազմակերպությունների անցկացրած մոնիտորինգի արդյունքում:

Իրավապաշտպանների պնդմամբ, Ռուսաստանի զինուժի ղեկավարները դեռ խորհրդային տարիներից սկսած երբեւէ չեն հայտնել բանակում մահացության ճշգրիտ վիճակագրությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG