Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Դաշնակցությունը փաստացի իշխանություն է»


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը չհամաձայնեց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչների հայտարարություններին, թե Դաշնակցությունը «այլընտրանք է իշխանությանն ու ընդդիմությանը»` պնդելով, որ այն «փաստացի իշխանություն է»:

«Հայ հեղափոխական դաշնակցությունը 117 տարեկան կուսակցություն է: Եթե նրանք իրենց Գերագույն ժողովում ընդունում են, որ իրենք պետք է ունենան թեկնածու, դա ՀՅԴ-ի ներքին խնդիրն է: Մենք շատ նորմալ ենք վերաբերվում», - ասաց Շարմազանովը` շարունակելով. - «Բայց ես չեմ կիսում այն կարծիքը, որ, ունենալով երեք նախարար, Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոն, կարող է Դաշնակցությունը դիտվել որպես դրական ընդդիմություն: Գոնե դասական իմաստով, երեք նախարար ունեցող կուսակցությունը չի կարող լինել այլընտրանք ո’չ իշխանությանը եւ ո’չ էլ ընդդիմությանը: Իմ կարծիքով, նման քաղաքական ուժը փաստացի իշխանություն է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարող է Դաշնակցության թեկնածուն լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ի թեկնածուին, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Կարծում եմ, որ պառլամենտական ընտրությունները ցույց տվեցին մեր քաղաքական ուժերի ե’ւ վարկանիշը, ե’ւ վստահության մակարդակը մեր հասարակության մեջ: Ընտրություններից հետո շատ ժամանակ չի անցել: Հետեւությունները արեք ինքներդ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG