Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Հավերժական պարզաբանումներ» վերնագրված խմբագրականում գրում է. - «Իսկապես, առանձնահատուկ հարգանքի են արժանի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, որոնց հաջողվում է տարիներ շարունակ պարբերաբար այցելել ղարաբաղյան հակամարտության գոտի, մատուցել անթիվ-անհամար մամուլի ասուլիսներ, դրանց բոլորի ընթացքում համբերատար կերպով լսել միեւնույն հարցերը, ի պատասխան` տալ բացարձակապես նույն պատասխանները եւ այդ ամենով հանդերձ` պահպանել իրենց այցերի նկատմամբ լրատվամիջոցների հետաքրքրությունը»: Ներկայացնելով վերոհիշյալ «միեւնույն հարցերը» եւ «միեւնույն պատասխանները»` թերթը եզրակացնում է. - «Երբ ասում եմ, որ միջնորդները մեծ հարգանքի են արժանի, մազաչափ իսկ չեմ հեգնում, ամբողջությամբ կիսելով վերջիններիս թիվ 1 պարզաբանումը: Ինչպես ասում են` վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, եւ հիմա այդ մարդիկ (նրանց երկրները) անում են ամեն ինչ` գոնե այդ վատ խաղաղությունը պահպանելու համար: Ուստի` հուսանք, որ նրանց հաջորդ ասուլիսին պատասխաններն առնվազն նույնը կմնան»:

«Ժամանակ - Երեւան» թերթի փոխանցմամբ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է. - «Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անձի առեւանգման եւ գումար շորթելու մեջ: Շուրջ 5-6 տարի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ աշխատած անձի մասին նախկին գործընկերները շատ բացասական են արտահայտվում: Մասնավորապես ասում են, որ նա, պետի պաշտոնում էլ է զբաղվել քրեորեն հետապնդելի արարքներով, իսկ ամենասիրելի զբաղմունքը փողեր «վազվռատ» անելն էր, որն անելուց հետո երբեմն անգամ գլուխ էր գովում իր ենթակաների մոտ: Ինչ վերաբերվում է այս քրգործին, ապա այն հարուցվել է ռուսական հատուկ ծառայությունների «մեղքով»` վերջիններս տեւական ժամանակ գաղտնալսումներ են իրականացրել, եւ Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունները, կապված առեւանգման հետ, ձայնագրված են: Դրանք այժմ գտնվում են գործը քննող քննչական խմբի ձեռքի տակ: Նախկին գործընկերները նշում են, որ ոչինչ չի խանգարում այս քրգործն ավարտելուն եւ դատարան ուղարկելուն` բացի Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գործոնից, որը փորձում է ամեն կերպ օգնել խնամուն (Զախարյանի աղջիկն ամուսնացած է Հովհաննիսյանի որդու հետ)»: «Սակայն դատելով լուրերից, դա այնքան էլ հեշտ չի լինելու», - եզրափակում է «Ժամանակ - Երեւան»-ը:

Նույն թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Վերահսկիչ պալատի նախագահի հիմնական հավակնորդ է համարվում Ազգային Ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանը: «Իհարկե, դժվար է հավատալ, որ ՀՀԿ-ն կհամաձայնվի սահմանադրական փոփոխություններից հետո գերլիազորություններով օժտված այս կառույցը հանձնել ԲՀԿ-ին, սակայն պետք է նկատի ունենալ նաեւ, որ Իշխան Զաքարյանը համարվում է ավելի շատ ոչ թե ԲՀԿ-ի, այլ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը Ազգային Ժողովում», - գրում է թերթը:

«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով նախագահական ընտրությունների նախաշեմին Արմեն Ռուստամյանի եւ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունների միջեւ հետագայում ընտրություն կատարելու Հայ Հեղափոխական դաշնակցության քայլին, գրել է. - «Այստեղ, դատելով ամենից, գործ ունենք ամերիկյան նախընտրական պայքարի տրամաբանության հետ. մինչ գլխավոր մրցակցի հետ վերջին ճակատամարտը, պետք է հաղթել սեփական կուսակիցներին»:

Նույն թեմայի շուրջ «Չորրորդ իշխանություն»-ում կարդում ենք. - «Դաշնակցության դիրքորոշումն ակնհայտորեն սկսել է նյարդայնացնել հանրապետականներին: Նրանց դուր չի գալիս, որ դաշնակները վայելում են իշխանական բոլոր բարիքները, բայց ոչ միայն հրաժարվում են պատասխանատվությունից, այլեւ ժամանակ առ ժամանակ խայթում են հանրապետականներին` նույն այդ բարիքները վայելելու համար: Նկատենք, որ հանրապետականներն իրենց ազնիվ զայրույթի մեջ միայնակ չեն. դաշնակների սեթեւեթանքները (ձեւակերպումը Գալուստ Սահակյանինն է) վաղուց են ձանձրացրել բոլորին»:

Նույն թերթն անդրադառնալով Ազգային Ժողովի պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին` Կարամելի Հարութին, գրում է. - «Մարդ, ով չորրորդ անգամ է մանդատ ստանում, սակայն խորհրդարանական իր գործունեության այս տասներկու երկար ու ձիգ տարիների ընթացքում անգամ 4 բառ չի ասել Ազգային Ժողովի ամբիոնից: Ղարագյոզյանը երբեք պատգամավորական գործունեություն չի ծավալել, փոխարենը` վերջինս ակտիվորեն կոճակ է սեղմել այն բոլորն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է եղել այս իշխանություններին»:

«Հայկական ժամանակ»-ը «Լեւոն Տեր Պետրոսյանին չհանդուրժողները» խորագրի ներքո գրում է. - «Վազգեն Մանուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակասությունները կարելի է սկզբունքային համարել. անկախական այս գործիչները տարբեր մոտեցումներ ունեին պետության զարգացման ուղիների վերաբերյալ: Կա նաեւ անձնական գործոնը. Մանուկյանն իրավունք ունի համարելու, որ ինքն անձնական հատկանիշներով չի զիջում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին, եւ ինքն առավել լավ կարող էր զարգացնել երկիրը:
Մանուկյանից տարբեր են նրա նախկին թիմակիցներ Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Սեյրան Ավագյանի` Տեր-Պետրոսյանին հակադրվելու հիմնավորումները: Այս մարդկանց կեցվածքը դասական «աբիժնիկի» պահվածք է»:

Նույն թերթի «Մետրոն անիմաստ է դարձել» հոդվածի հեղինակը նկատել է, որ այսօր չկա Երեւանի որեւէ բնակիչ, որը մինչեւ կոկորդը զզված չլինի մայրաքաղաքի երթեւեկությունից. - «Այն աղետալի վիճակը, որը այսօր տիրում է Երեւանի փողոցներում, չի անհանգստացնում թերեւս միայն նրանց, ովքեր երթեւեկում են պետավտոտեսուչների եւ թիկնազորի ուղեկցությամբ: Ու որպես կանոն, հենց նրանք են խոսում Երեւանի փայլուն ապագայի մասին, որ մի քիչ էլ սպասեք, ու Երեւանի փողոցներում իդեալական երթեւեկություն կհաստատվի, էս մի էստակադան էլ սարքենք, ու քաղաքում ոչ մի խցանում չի լինի եւ այլն, եւ այսպես շարունակ»: «Հայկական ժամանակ»-ը հավելում է, որ Երեւանի մետրոպոլիտենը վերջին առնվազն 12-13 տարիներին, գործառույթի իմաստով դադարել է տրանսպորտային միջոց լինելուց. - «Երեւանի այն հատվածները, որտեղ պետք է կայարաններ կառուցվեին, արդեն կառուցապատված են»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG