Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Բաքու


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Երեւանից հատուկ չվերթով ժամանել են Բաքու, որտեղ նախատեսված են նրանց հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում լրագրողների հետ զրույցում համանախագահները արդյունավետ են համարել իրենց հանդիպումները Երեւանում եւ Ստեփանակերտում:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման առաջարկին վերաբերող հարցին, ասել է, թե անկախ նրանից` կկայանա հանդիպումը թե ոչ, բանակցությունները նորմալ հունով են ընթանում:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ընդգրկելու առաջարկը` Բրայզան հիշեցրել է, որ իրենք եղել են Ստեփանակերտում, իսկ «դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են բանակցային գործընթացի շրջանակներում»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, հայտարարել է, թե այժմ ժամանակը չէ փոխելու բանակցությունների ձեւաչափը:

«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի շատ կարեւոր փուլում: Շուտով մենք աշխատելու ենք նոր պայմաններում` երկու երկրներում նախատեսվող ընտրարշավների ֆոնին», - ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` ասել է Ֆասիեն եւ հիշեցրել. - «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքները նախկինում պատվիրակությունների կազմում մասնակցել են բանակցային գործընթացին: Սակայն Ռոբերտ Քոչարյանը իշխանության գալուց հետո որոշեց, որ բանակցություններում ինքն է ներկայացնելու թե’ Հայաստանը եւ թե’ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը»:

Ֆրանսիացի համանախագահի խոսքերով` «Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների» մասնակցությունը բանակցություններում վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու:

«Մենք մշտական շփումներ ունենք երկու համայնքների ղեկավարների` Բահմանովի եւ [Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո] Սահակյանի հետ: Չնայած մասնակցություն չեն ունենում քննարկումներում` նրանք տեղյակ են բանակցային գործընթացին», - ասել է Ֆասիեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG