Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ի տեղեկություններով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընթացիկ շաբաթվա վերջին մեկ օրով մեկնելու է Բաթումի, որտեղ հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկելու Քոչարյանն ու Սահակաշվիլին` թերթին դեռեւս հայտնի չէ:

«Ազգ» թերթը «Աղվան Հովսեփյանը` ԱԺ պատգամավորների հարցերի խաչմերուկում» վերնագրի ներքո գրում է. - «Ազգային ժողովի միջանցքներում զրուցելով մեծամասնական պատգամավորներից շատերի հետ` եկանք այն եզրակացության, որ Աղվան Հովսեփյանն առանց բարդությունների Ազգային ժողովից նորից դուրս կգա գլխավոր դատախազ դարձած, բայց չի կարողանա շրջանցել այն բազմաթիվ տհաճ հարցերը, որոնցից հաճախ խուսափում է` հաջողացնելով միայն երկու-երեք լրատվամիջոցի ընտրովի հանդիպել»:

Պնդելով, որ հայ «հասարակությունը չի վստահում ընտրությունների վերաբերյալ նախապես արվող սոցիոլոգիական կանխատեսումներին՝ անկախ նրանից, թե կոնկրետ ո՞ր թեկնածուի մասին է խոսքը», «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Ստացվում է, որ կեղծ հարցումների միջոցով սեփական վարկանիշը բարձրացնելու քարոզչական մարտավարությունը, գոնե ընդդիմության համար, պարզապես սեփական ոտքերի տակ փոս փորելու գործելակերպ է։ Ու քանի որ այս հարցում առանձնակի ակտիվություն են ցուցաբերում հենց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ապա ակնհայտ է դառնում, որ նրանք այսօր վստահ չեն իրենց թեկնածուի ունեցած բարձր ռեյտինգի հարցում»։ «Ավելին՝ նրանց անհրաժեշտ է կեղծ թվերի միջոցով համոզել Տեր-Պետրոսյանին, որ ժողովուրդը մութ անկյունում երազում է իր վերադարձի մասին», - ընդգծել է մեկնաբանն ու բխեցրել. - «Փաստորեն մենք գործ ունենք ո՛չ միայն ժողովրդին, այլեւ առաջին հերթին՝ սեփական կուռքին խաբելու մարմաջով տառապող մարդկանց պարզունակ ու անհեռատես հաշվարկների հետ»։

Տեղեկացնելով, որ այս ամսվա վերջին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` «168 ժամ» թերթը մանրամասնել է. - «Ըստ լավատեղյակ աղբյուրների, հայաստանյան նախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ կատարվող այս այցը, բնականաբար, միայն տնտեսական հարցերով չի սահմանափակվելու։ Հասկանալի է, փորձ է կատարվելու հնարավորինս որոշակիություն մտցնել նաեւ Ռուսաստանի իշխանական վերնախավի՝ Հայաստանում նախագահական ընտրությունների շուրջ մոտեցումներում»։ «Այդ իսկ պատճառով», - հավելել է թերթը, - «բացի Ռուսաստանի Դաշնության նոր վարչապետի հետ հանդիպումից՝ լուրջ աշխատանք է կատարվում Մոսկվա կատարվելիք այցի շրջանակներում նաեւ Սերժ Սարգսյանի՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»։

Անդրադառնալով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի երեկ հնչեցրած հայտարարությանը, ըստ որի ստեղծվելու է առանձին քննչական մարմին, որը զբաղվելու է հատուկ բարձաստիճան պաշտոնյաների կուռուպցիայի դեպքերի բացահայտմամբ, «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագրականը նկատել է. - «Մի կողմ թողնենք այն փաստը, որ նա կարող է եւ չընտրվել. կարեւոր է, որ պետական մակարդակով ստեղծվում է մի մարմին, որը զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաների վրա կոմպրոմատներ հավաքելով եւ դոսյեներ կազմելով։ Այլապես, ի՞նչն է խանգարում գլխավոր դատախազին բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հանցագործությունները բացահայտել հենց այսօր՝ գլխավոր դատախազին ընձեռված ընդարձակ լիազորությունների պարագայում»։

«Առավոտ»-ի թղթակիցը երեկ Աբովյան փողոցում Կարաբալայի արձանի դիմաց, «բնակելի, առեւտրահասարական համալիր» կառուցվող «էլիտար» շենքի շինարարության թեժ պահին պատահաբար հանդիպել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանին, որը թղթակցի վկայությամբ, «ըստ ամենայնի, սովորական անցորդ չէր այս շինհրապարակում, որովհետեւ շինարար բանվորներին տիրոջ իրավունքով վերեւից հրահանգներ էր տալիս»։ «Նկատելով, որ իրեն նկարում են, պարոն Աբրահամյանը նախ՝ անակնկալի եկավ, իսկ քիչ հետո տեսադաշտից հեռացավ», - փոխնացել է թերթի թղթակիցն ու եզրակացրել. - «Թե ինչ կապ ունի նա այս էլիտար շենքի կառուցման հետ՝ պարզ չէ, բայց փաստն այն է, որ շենքը կառուցապատում է «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն, իսկ ճարտարապետը Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է»։ «Ի դեպ, «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն պատկանում է Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Սերյոժա Աբրահամյանին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը», - հավելել է թղթակիցը։

«Հայք» թերթը, պնդելով, որ «բավական սրվել են Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանի հարաբերությունները», մանրամասնել է. - «Գուլոյանը, օգտագործելով Ծառուկյանի հետ իր մտերմությունը, մի շարք անձանց լուրջ խոստումներ է տվել Ծառուկյանի անունից եւ այժմ չի կարողանում կատարել դրանք։ Իսկ Ծառուկյանն էլ իմանալով այդ մասին զայրացել է իր խնամու վրա»: «Ի դեպ, Գուլոյանը համարվում է հանրապետական ԲՀԿ-ի մեջ, մի քանի անգամ էլ այդ մասին առիթ է ունեցել հայտարարելու Ազգային Ժողովում», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG