Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Որեւէ գործարար Հայաստանում չպետք է ունենա արտոնյալ պայմաններ»


Որեւէ գործարար Հայաստանում չպետք է ունենա արտոնյալ պայմաններ: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նա ինչպես կոնկրետ դեպքերի առնչությամբ, այնպես էլ ընդհանուր առմամբ համապատասխան հանձնարարական է տվել իրավապահ մարմիններին` հայտնաբերել հովանավորչություն իրականացնող հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին եւ պատժել նրանց օրենքի ամբողջ խստությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարները, Ոստիկանության պետը, նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը, Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենը, գլխավոր դատախազի տեղակալը, պաշտոնատար այլ անձինք:

Հարկային պետական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը ներկայացրել է իր նշանակման պահից ի վեր` անցած երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, զեկուցել առկա խնդիրների մասին:

Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ Հարկային պետական ծառայությունը պետք է վճռականություն ցուցաբերի եւ վարչարարության կատարելագործման ու խստացման ճանապարհով կատարի այս տարվա բոլոր առաջադրանքները: Նա մտահոգություն է հայտնել առկա անբավարար հարկային վարչարարության, պատշաճ հսկողության բացակայության, օրենսդրական դաշտի անկատարության եւ պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչության փաստերի վերաբերյալ:

Նախագահ Քոչարյանը նշել է, որ առկա խնդիրներին լուծում տալու համար այսօր անհրաժեշտության կա կիրառել գործողությունների համալիր ծրագիր, որը թույլ կտա փակել սողանցքները անբարեխիղճ հարկատուների համար, նաեւ արագորեն հասնել զգալի արդյունքի` կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով:

Երկրի ղեկավարը հանձնարարել է երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ միջոցառումների նշված ծրագրի վերաբերյալ, ինչպես նաեւ նախապատրաստել օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG