Մատչելիության հղումներ

Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր զեկույցի նախագծում Հայոց ցեղասպանությունը հիշատակված չէ


Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր զեկույցի նախագծում, որը պատրաստել է Նիդերլանդներից պահպանողական Ռիա Օոմեն-Ռուիյտենը եւ որը խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկվելու է վաղը, Հայոց ցեղասպանությունը հիշատակված չէ:

Տեղեկացնելով այդ մասին` Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նախագիծը գնահատում է որպես նահանջ 2006 թվականի զեկույցի համեմատ, որում վերահաստատված էր Թուրքիային ուղղված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը:

Հայ դատի հանձնախումբը գտնում է, որ նոր զեկույցի նախագիծը «պարզորոշ հետքայլ է Եվրախորհրդարանի կողմից 2000 թվականից ի վեր ընդունված որոշումներում արտացոլված սկզբունքային դիրքորոշումներից»:

«Պարզապես անընդունելի է, որպեսզի Եվրախորհրդարանը այս նախագծի հեղինակներին թույլ տա նվազեցնել, քողարկել կամ էլ ամբողջությամբ դուրս թողնել իրենց զեկույցից այնպիսի կենսական եւ հրատապ հարցեր, ինչպես` Հայոց ցեղասպանությունը, քրդերի իրավունքները եւ Կիպրոսի գրավումը», - հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը:

«Մենք աշխատում ենք Եվրախորհրդարանի բոլոր ժողովրդավարական ուժերի հետ` ապահովելու, որպեսզի այս բանաձեւը ճշգրտորեն արտացոլի ազգերի եվրոպական ընտանիքի առջեւ իր իսկ ստանձնած պարտավորությունները կատարելու` Թուրքիայի անկարողությունը», - ասել է Չոբոյանը:

Նոր զեկույցի նախագիծը, կարեւորելով Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները հարեւան երկրների հետ, վերահաստատում է «ակնկալիքը, որ Թուրքիան ձեռնպահ կմնա որեւէ տնտեսական շրջափակումից, սահմաններ փակելուց, հարեւան երկրների դեմ սպառնալիքներից կամ լարվածություն ստեղծող ռազմական գործողություններից», ինչպես նաեւ` վերահաստատում է «հաշտեցման գործընթաց սկսելու` Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ուղղված կոչը»:

Նախագիծը նաեւ «խստորեն դատապարտում է Հրանտ Դինքի, Մալաթիայում երեք քրիստոնյաների սպանությունները, քաղաքական շարժառիթներով բռնության մյուս բոլոր ակտերը եւ ակնկալում, որ Թուրքիայի իշխանությունները սպառիչ լույս կսփռեն այդ դեպքերի վրա ու արդարադատության առջեւ կկանգնեցնեն մեղավորներին»:

Փաստաթղթի հեղինակ Ռիա Օոմեն-Ռուիյտենը, «Թրքիշ դեյլի նյուս»-ին երկուշաբթի օրը տված հարցազրույցում պարզաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կետը նախագծում չընդգրկելը, հայտարարել է. - «Ես չցանկացա բորբոքել հին վեճը: Ամենից կարեւորը Թուրքիայի լավ հարաբերություններն են հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ: Հետազոտությունները վկայում են, որ փակ սահմանները վիթխարի բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Գլոբալ աշխարհում պետք է լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, եւ անելով դա` պետք է նաեւ հաշտվել անցյալի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG