Մատչելիության հղումներ

Գեներալ Փեթրեուսը առաջարկում է մինչեւ հաջորդ տարվա ամառ Իրաքից դուրս բերել 30-հազարանոց զորակազմ


Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Դեյվիդ Փեթրեուսը երկուշաբթի օրը Կոնգրեսում հանդես է եկել Իրաքի կացության մասին զեկույցով եւ հաշվետվությամբ` ներկայացնելով մինչեւ եկող տարվա ամռան ամիսները Իրաքից 30-հազարանոց զորակազմ դուրս բերելու ծրագիրը:

Գեներալն ասել է, թե այս ամիս արդեն դուրս կբերվի 2 հազար զինվորական` առանց նրանց տեղը այլ ուժերով համալրելու: Նա վստահեցրել է, որ զորքերի կրճատումը հետագայում էլ կշարունակվի:

Այս կրճատման արդյունքում Իրաքում ամերիկյան ուժերի թիվը կհասնի այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչեւ նախագահ Ջորջ Բուշի կողմից Իրաք հավելյալ 30-հազարանոց զորքեր ուղարկելը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը Փեթրեուսին ասել է, թե զորքերի այս դուրսբերումը երկարամյա պատերազմի համար միայն «մանրադրամային կրճատում» է:

Գեներալը պնդել է, թե այն, ինչ ինքը առաջարկում է, զորքերի էական հետքաշում է: Նա նաեւ վստահեցրել է, որ զեկույցը գրել է առանց որեւէ մեկի ճնշման եւ Պենտագոնի միջամտության:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ Փեթրեուսի առաջարկը համարել է անընդունելի:

Կոնգրեսի երկու պալատներում ներկայումս մեծամասնություն կազմող դեմոկրատները հանդես են գալիս Իրաքից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերման օգտին:

Բուշը Կոնգրեսի ղեկավարներին հրավիրել է հանդիպման, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը Սպիտակ տանը: Իսկ առաջիկա մի քանի օրերի ընթացքում նա ժողովրդին կդիմի պատերազմի վերաբերյալ ուղերձով, որը, ինչպես ասել է Սպիտակ տան խոսնակը, փաստորեն, հենված կլինի գեներալ Փեթրեուսի առաջարկների վրա:

Կոնգրեսի երեկվա լսումներին զուգահեռ երկրում ցույցեր էին անցկացնում պատերազմի հակառակորդները:

Լրատվական գործակալությունները հիշեցնում են մի քանի օր առաջ Կառավարական հաշվարկումների անկախ գրասենյակի կողմից հրապարակված զեկույցը, որում ասված էր, թե Իրաքում իրականացվել է քաղաքական ու ռազմական 18 գլխավոր նպատակներից միայն 4-ը, այն էլ` մասնակիորեն:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG