Մատչելիության հղումներ

Լրացավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վեցերորդ տարին


2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները ուղեւորատար երկու օդանավերը ուղղեցին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների վրա` աննախադեպ աղետ պատճառելով Միացյալ Նահանգների «գործարար մայրաքաղաքի» կենտրոնում, որին զոհ գնացին հազարավոր մարդիկ:

Թեեւ այդ օրվանից լայնածավալ պայքար սկսվեց ահաբեկչության դեմ, այդուհանդերձ, 2001-ի սեպտեմբերին հաջորդեցին նոր ահաբեկչություններ, որոնք վերագրվում էին կա'մ Ալ Ղաիդային, կա'մ այդ կազմակերպության հետ համագործակցող իսլամիստական ուժերին:

«Անշուշտ, Ալ Ղաիդայի գործունեությունն այս տարիներին ավելի է ընդարձակվել` դա կասկածից վեր է», - ասում է Շվեդիայի հեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկի իսլամիստական ահաբեկչությունների գծով փորձագետ Մագնուս Ռանսդորֆը:

Ըստ փորձագետի, չնայած անցած վեց տարիների ընթացքում Ալ Ղաիդայի դեմ արձանագրված մի շարք հաջողություններին, ընդհանուր առմամբ, աշխարհում իսլամիստական ահաբեկչությունների թիվը ավելացել է:

Դա են հաստատում նաեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տրամադրած թվերն ու փաստերը: Համաձայն միջազգային ահաբեկչության մասին Պետդեպարտամենտի` գարնանը հրապարակված զեկույցի, 2006 թվականին ամբողջ աշխարհով մեկ իրականացված ահաբեկչությունների թիվը աճել է 25 տոկոսով:

Միայն անցած տարվա ընթացքում Իրաքում եւ Աֆղանստանում իրականացվել է 14 հազար ահաբեկչություն, որոնք ավելի քան 20 հազար մարդու կյանք են խլել:

Մագնուս Ռանսդորֆը, ինչպես նաեւ մի շարք այլ հեղինակավոր վերլուծաբաններ պնդում են, թե Իրաքում եւ Աֆղանստանում Միացյալ Նահանգների վարած պատերազմի արդյունքում ավելացել է ծայրահեղական խմբավորումներին անդամագրվել ցանկացող մահմեդականների թիվը, ինչպես նաեւ ընդարձակվել է Ալ Ղաիդայի աշխարհագրությունը: Այժմ զինված խմբավորումը մասնաճյուղեր ունի ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ, ինչպես փաստում է Ռանսդորֆը, Եվրոպայում եւ Ալժիրում:

Այդուամենայնիվ, ըստ շվեդ փորձագետի, միջազգային ահաբեկչության դեմ Արեւմուտքի համախմբված պայքարը տվել է նաեւ էական արդյունքներ: Մասնավորապես, նվազել է հզոր, լայնատարած ահաբեկչություններ իրականացնելու` ահաբեկչական խմբավորումների հնարավորությունը:

«Մենք բազմաթիվ մարդկանց ենք ձերբակալել, եւ փաստորեն, հիմա նրանք չեն կարող իրականացնել լայնածավալ հարվածներ: Բացի այդ, մենք հիմա ավելի լավ գիտենք ու լավ ենք պատկերացնում` ինչպես են նրանք որոշումներ կայացնում եւ ինչպես է գործում նրանց համակարգը», - ասում է Մագնուս Ռանսդորֆը` միաժամանակ հավելելով. - «Չնայած դրան, Ալ Ղաիդայի համակիրների թիվը գնալով ավելանում է, հատկապես Եվրոպայում, որտեղ մահմեդականները մեծ թիվ են կազմում»:

Այժմ, ըստ փորձագետների, Եվրամիության թիվ մեկ խնդիրն է` ուղիներ գտնել այս տարածաշրջանում ապրող եւ առայժմ չկողմնորոշված ու կյանքում իրենց տեղը չգտած միլիոնավոր երիտասարդ մահմեդականներին Ալ Ղաիդայի ազդեցությունից զերծ պահելու համար:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG