Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը առաջին անգամ գլխավոր դատախազ կնշանակի


Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է գլխավոր դատախազի նշանակման հարցը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ներկայիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածությունը:

Փոփոխված Սահմանադրության համաձայն` գլխավոր դատախազը նշանակվում է ոչ թե հանրապետության նախագահի կողմից միանձնյա, այլ Ազգային ժողովի կողմից` հանրապետության նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով, ընդ որում` միեւնույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավելի նշանակվել գլխավոր դատախազ:

Օրակարգային հարցերի քննարկման նպատակով Հանրապետական խմբակցությունը երեկ հրավիրել էր նիստ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պաշտպանելո՞ւ է արդյոք Հանրապետականը գլխավոր դատախազի պաշտոնում նախագահի առաջադրած թեկնածությունը, վարչապետը պատասխանեց. - «Կարծում եմ, այո»:

Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցի փոփոխությանը, Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Հարցրեք դատախազին կամ դատարանին: Չգիտեմ նույնիսկ, թե ով է որոշումը կայացրել»:

«Ուրախացնո՞ւմ է արդյոք դա ձեզ` որպես վարչապետի», - այս հարցին նա պատասխանեց. - «Ուրախանալու կամ տխրելու առիթ չունեմ»:

Հարցին, թե որքանով է նպատակահարմար գործող դատախազին կրկին առաջադրելը` հաշվի առնելով, որ բազմաթիվ աղմկահարույց սպանությունների հիմնական մասը դեռեւս չի բացահայտվել կամ չեն բացահայտվել կազմակերպիչները, Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը պատասխանեց, թե ՀՀԿ-ի համար այդ հարցը փակված է, քանի որ` «եթե կա առաջադրում, ուրեմն նախագահի հետ համաձայնեցված է». - «Դատախազությունում սկսվել է կարեւոր բարեփոխումների մի շրջան: Համոզված եմ, որ շատ կարեւոր է, որ այդ բարեփոխումները շարունակվեն եւ ունենան արդյունավետ ավարտ»:

«Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքերին», - շարունակեց խորհրդարանի խոսնակը, - «ապա ես ավելի քան համոզված եմ, որ խորհրդարանի դահլիճում պարոն Հովսեփյանի թեկնածության քննարկման ժամանակ հարցեր են հնչելու այդ դեպքերի հետ կապված: Եվ հուսով եմ, որ պարոն Հովսեփյանը սպառիչ պատասխաններ կտա այդ խնդիրների հետ կապված»:

Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ, եւ նա ազատ է արձակվել հինգշաբթի ուշ երեկոյան:

Ուրբաթ օրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին հայտարարել էր, որ նախկին արտգործնախարարի խափանման միջոցը փոխելու ցուցումը ինքն է տվել:

Միաժամանակ, գլխավոր դատախազը հայտնել էր, որ Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված մեղադրանքը նույնությամբ մնացել է:

Արզումանյանը կալանված էր մայիսի 7-ից` փողերի լվացման մեղադրանքով:


Ռուզան Խաչատրյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG