Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. - «Պայքարելու եմ իմ բարի անունը վերականգնելու համար»


Անցած շաբաթավերջին «Երեւան» քրեակատարողական կենտրոնից անսպասելիորեն ազատ արձակված Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ում դեմ քրեական գործ է հարուցված փողերի լվացման մեղադրանքով, երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ պայքարելու է իր «բարի անունը վերականգնելու համար»:

Իր հետ կատարվածը Արզումանյանը որակեց ոչ միայն «անհեթեթ ու անհասկանալի», այլեւ` «ոչ իրավաբանական». - «Իրավաբանականի դեպքում նախապես տեղյակ կլինեին, իմ տիկնոջը չէին բերի հանդիպման 5-ն անց կեսին, երբ 8-ն անց կեսին ինձ պետք է տուն ուղարկեին: Եվ ես ասում եմ` այո, պայքարելու եմ իմ բարի անունը վերականգնելու համար: Եվ բոլոր այդ զրպարտիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

«Եթե ես ուրբաթ օրը քաղբանտարկյալի կարգավիճակում էի, այսօր ես քաղաքական հալածյալի կարգավիճակում եմ. այդ անհեթեթ, շինծու մեղադրանքը հանված չէ», - հավելեց նա:

Օգոստոսի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալի միջնորդությունը Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, իսկ մեկ շաբաթ անց գլխավոր դատախազը ցուցում է տալիս նախաքննության մարմնին փոխել խափանման միջոցը եւ կալանքից ազատ արձակել:

Առաջադրված մեղադրանքը, սակայն, նույնությամբ մնացել է, եւ նախկին արտգործնախարարը շարունակում է մնալ որպես մեղադրյալ այս քրեական գործով:

Գլխավոր դատախազը ասել էր, թե մնում է միան հիմնավորել, որ մոսկվաբնակ հայազգի գործարար Սաշիկ Աղազարյանի ուղարկած գումարն անօրինական է: Աղվան Հովսեփյանի այս հայտարարության կապակցությամբ Արզումանյանը այսօր ասաց. - «Մնում է անել միայն այն, որի առկայության դեպքում միայն կարելի է մտածել ու կասկածել, որ կարող է լինել փողերի լվացում... Մնում է անել այն, ինչից պետք էր սկսել»:

Այս ամենը, ըստ նախկին արտգործնախարարի, հաստատում է, որ իր հետ կատարվողը «քաղաքական տեսանկյունից պատվեր է, իսկ իրավաբանական տեսանկյունից` բեսպրեդել... Այսինքն` նույն աբսուրդ իրավիճակը, որը կար մայիսի 7-ին, երբ ինձ այս անհեթեթ մեղադրանքը ներկայացվեց, շարունակում է մնալ...»:

«Միայն իմ հարց չէ», - շարունակեց նա: - «Այսօր կարելի է մտնել բանկ եւ ցանկացած գումար ստացողին կալանավորել, հետո ստուգել: Այսինքն` գնացեք բոլորին ձերբակալեք` տեսնենք «Լինսի»-ով ով աշխատում է այսօր, տեսնենք Քըրք Քըրքորյանի գումարները օրինակա՞ն են կամ հարկեր մուծե՞լ է վերջին 70 տարիների ընթացքում... Գուցե մի բան դրանից դուրս գա, եւ դրանից ստացվի, որ ամբողջ բանկային համակարգը Հայաստանի փող է լվանում, եւ նախագահական ապարատը, որ իրականացնում է այդ ծրագրերը` նույնպես... Անհեթեթություն է»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG