Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը կուսումնասիրի համանախագահների առաջարկները»


Անցած շաբաթվա սկզբին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մի շարք առաջարկներ են հնչեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, որոնք Ադրբեջանը կուսումնասիրի: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով համանախագահների` տարածաշրջան կատարելիք առաջիկա այցին:

«Կտեսնենք` կնպաստի՞ դա արդյոք Պրահայի գործընթացին, թե՞ ուղղակի միտված է առաջիկա ընտրությունների հետ կապված ժամանակ ձգձգելուն», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, Մամեդյարովը մտադրություն է հայտնել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ հանդիպել ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի հետ` պարզելու համար ղարաբաղյան բանակցությունների ձեւաչափի փոփոխության վերաբերյալ անցած շաբաթ նրա հնչեցրած առաջարկի էությունը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ հակամարտության գոտում փոխհրաձգության դադարեցման միակ ուղին ոչ թե հրադադարի ռեժիմի մասին համաձայնությունն է, այլ հակամարտության քաղաքական կարգավորումը եւ «գրավյալ տարածքների» ազատումը:

Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ իր ադրբեջանցի գործընկերոջից հետո Բրյուսելում հանդիպել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. - «Եկող շաբաթվա սկզբին նրանք կժամանեն տարածաշրջան: Բովանդակային նորություն չունենք»:

«Երեկ նրանց [համանախագահների]` Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո վերանայել ենք իրավիճակը եւ, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նոր առաջընթաց չունենք», - հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը: - «Կոնկրետ պայմանավորվածություն չկա, այնպես որ հույսը համանախագահների առաջիկա այցն է, որ նրանք ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կկարողանան ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Իսկ հինգշաբթի օրը կայացած ասուլիսում անդրադառնալով ղարաբաղյան բանակցությունների ձեւաչափի փոփոխության վերաբերյալ ԵԱՀԿ-ի գործող նախագահի առաջարկին` Վարդան Օսկանյանը ասել էր. - «Չգիտեմ` պարոն Մորատինոսը ի՞նչ նկատի ունի, որովհետեւ ինքը միայն դա նշել է, բայց փակագծերը կարծես թե չի բացել: Մինչեւ չիմանանք իրենից, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի, դժվար է որեւէ մեկնաբանություն տալ: Համենայն դեպս, ես խիստ կասկածում եմ, որ պարոն Մորատինոսը նկատի ուներ Մինսկի խումբը: Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը դեռեւս իրեն չի սպառել: Իհարկե, այնտեղ դրական լրացում կարող է լինել, եթե Լեռնային Ղարաբաղը նույնպես ներգրավված լինի գործընթացներում: Դա արդեն լուրջ դրական տեղաշարժ կլինի այդ գործընթացի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG