Մատչելիության հղումներ

Թուրք ժողովրդի վերաբերմունքը Արեւմուտքի հանդեպ «սառչում է»


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրք ժողովրդի վերաբերմունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության եւ ՆԱՏ0-ի հանդեպ «զգալիորեն սառչել է»:

Ջերման Մարշալի հիմնադրամ ամերիկյան հաստատությունը եւ եվրոպական հետազոտական չորս կենտրոններ հունիսին անցկացրել են «Անդրատլանտյան միտումներ»-֊ի տարեկան հետազոտությունը, որի արդյունքների համաձայն, թուրքերի շրջանում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ջատագովների թիվը նվազել է, միաժամանակ, աճել է «ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գլոբալ առաջատարության հանդեպ բացասական վերաբերմունք տածող թուրքերի թիվը»:

Հարցմանը մասնակցել է շուրջ հազար մարդ: Որպես ուղենիշ ընտրվել է «100 աստիճան ջերմությունը»: Միացալ Նահանգների հանդեպ ջերմությունը 2006 թվականի 20 աստիճանից 2007-ին նվազել է մինչեւ 11 աստիճան: Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը նույնպես «սառչել է» եւ 45 աստիճանից իջել է մինչեւ 26 աստիճան:

Թուրքերի 74 տոկոսը «անցանկալի է համարում ԱՄՆ-ի լիդերությունն աշխարհում»: «Ռոյթերզ»֊-ը նշում է, որ անցյալ տարի այդ ցուցանիշը 69 տոկոս էր:

Թուրքերի միայն 3 տոկոսն է հավանություն տալիս ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարած արտաքին քաղաքականությանը: Առաջին անգամ թուրքերի մեծամասնությունը՝ 54 տոկոսը բացասական է գնահատել Եվրամիության առաջատարությունը:

«Ռոյթերզ»-֊ը նշում է, որ եվրոպացիների շրջանում անցկացված հարցախույզի համաձայն, եվրոպացիների 22 տոկոսը հավանություն է տալիս Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ 31 տոկոսը դա անցանկալի հեռանկար է համարում:

Թուրքերի միայն 35 տոկոսն է դրական գնահատում երկրի անդամակցությունը ՆԱՏ0-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG