Մատչելիության հղումներ

Աֆրիկյան ժանտախտի կապակցությամբ «ամբողջ իրավիճակը վերահսկելի է»


Հայաստանի որոշ մարզերում խոզերի մոտ արձանագրված աֆրիկյան ժանտախտի կապակցությամբ իրավիճակը, պատասխանատուների վստահեցմամբ, «վերահսկելի է»:

«Շրջաբերական ենք իջեցրել խոզաբուծական տնտեսություններին, որպեսզի նրանք զգույշ լինեն: Բացատրել ենք կլինիկական ախտանշանները, անատոմիական փոփոխությունները, այս հիվանդության տված վնասները», - այսօր լրագրողներին վստահեցրեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ, աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի շտաբի պետ Գրիշա Բաղյանը:

Աֆրիկյան ժանտախտը սուր վարակիչ, վիրուսային արագ տարածվող անբուժելի եւ պատվաստման ոչ ենթակա հիվանդություն է, որը, սակայն, ախտահարում է միայն խոզերին: Մարդու համար սա անվտանգ վիրուս է, մարդը ո’չ մսի, ո’չ էլ շփման միջոցով աֆրիկյան ժանտախտով վարակվել չի կարող:

«Ինչ վերաբերում է մարդկանց, անհանգստանալու ոչինչ չկա, մարդիկ չեն վարակի, չեն հիվանդանա այս հիվանդությամբ», - վստահեցրեց Բաղյանը:

Հիվանդությունը Հայաստան է ներթափանցել Վրաստանից, որտեղ խոզերի անկումը հաշվվում է տասնյակ հազարներով: Իսկ Հայաստանում անցած ամսվա ընթացքում արդեն 1700 խոզ ոչնչացվել կամ եթնարկվել է պարտադիր սպանդի:

Ոչ պատոնական թվերով Հայաստանում մոտ 200-220 հազար գլուխ խոզ կա, իսկ պաշտոնական տվյալները հաշվում են 180 հազար գլխաքանակ:

Գրիշա Բաղյանը տեղեկացրեց, որ կառավարությանը ներկայացվել է ժանտախտի դեմ պայքարի ծրագիր: Հետագայում գուցե առաջ գա նաեւ վնաս կրած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցելու հարցը:

Առաջին ահազանգը ստացվել էր Դիլիջանից օգոստոսի 7-ին, իսկ այսօր կարանտինի գոտի են համարվում Լոռու եւ Տավուշի մարզերը: Վեհսկողությունն իրականացնում է հատուկ շտաբը, որը մնացել էր դեռ թռչնագրիպի կասկածների ժամանակներից:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG