Մատչելիության հղումներ

Կգնա՞ արդյոք Հայկ Հարությունյանը Բաքու


Առայժմ պարզ չէ՝ կմեկնի արդյոք Հայաստանի ոստիկանության ծառայության պետ Հայկ Հարությունյանը Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ֊ի երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունում:

Հայաստանի ոստիկանապետի հնարավոր այցելությանը, մինչդեռ, Ադրբեջանում արդեն արձագանքել են:

Մասնավորապես, այսօրվա մամուլի ասուլիսում Ադրբեջանի փոխարտգործնախարար Վագիֆ Սադիխովն ասել է. - «Հայերը որքան հաճախ գան Բաքու, այնքան լավ կլինի»:

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները եւս մասնակցում են ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանում անցկացվող հանդիպումներին, եւ դա նորմալ երեւույթ է նույն կազմակերպության անդամ երկրների համար:

«Անձամբ ես գտնում եմ, որ որքան հաճախ հայերն այստեղ գան եւ տեղում ծանոթանան, տեսնեն Ադրբեջանի կենսամակարդակը, այնքան լավ մեզ համար` քարոզչության տեսանկյունից», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նույն հարցի առնչությամբ նշել է. - «Ադրբեջանում անցկացվող միջազգային որոշակի կազմակերպությունների միջոցառումներին հայերի մասնակցությունը անխուսափելի է, ցանկանում ենք, թե ոչ` դա այդպես է: Միջազգային իրավունքի եւ վարքի նորմերը պահանջում են այդ հարցին սառնասրտորեն մոտենալ»:

Մինչդեռ, կոշտ մոտեցումներով հայտնի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» հայտարարել էր, թե ամեն կերպ խոչընդոտելու է գերենալ-գնդապետ Հայկ Հարությունյանի այցելությանը:

Կազմակերպության ղեկավար Ագիֆ Նաղին ասել էր, թե իրենք այսօր բողոքի ակցիաներ են անցկացնելու պետական մի շարք հաստատությունների մոտ:

«Քանի դեռ Հայաստանի օկուպացիոն ուժերը չեն ազատել ադրբեջանական հողերը, քանի դեռ շուրջ մեկ միլիոն փախստականները չեն վերադարձել իրենց հայրենի Ղարաբաղը` Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի Բաքու այցելել: Մենք դա թույլ չենք տա», - հայտարարել էր Նաղին:

day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, այսօր ոստիկանները «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» գրասենյակից հանել են կազմակերպության անդամներին` Նաղիի գլխավորությամբ, եւ տարել ոստիկանական բաժանմունք: Ըստ նույն աղբյուրի, գրասենյակը շրջապատված էր շուրջ երկու տասնյակ ոստիկաններով:

ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների խորհրդի Բաքվում կայանալիք նիստում քննարկվելու են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր:

Մինչ նախարարների նիստը օգոստոսին Բաքվում հանդիպել էին ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարությունների փորձագետները, որոնք մշակել էին նախարարների նիստին ներկայացվելիք փաստաթղթերը, հստակեցրել օրակարգը: Այս խորհրդակցությանը մասնակցել էին նաեւ Հայաստանի փորձագետները:

ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների խորհրդի նիստերը երկու անգամ անցկացվել են Հայաստանում: Նիստերից մեկին մասնակցել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարը, մյուսին` փոխնախարարը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG