Մատչելիության հղումներ

Հայաստանում աճել է թրաֆիքինգին առնչվող արձանագրված հանցագործությունների թիվը


2002 թվականից թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ջանքերին միացած Հայաստանում թեեւ չկա ստույգ վիճակագրություն սեռական կամ աշխատանքային շահագործման ենթարկված Հայաստանի քաղաքացիների մասին, այդուհանդերձ որոշակիորեն աճել է թրաֆիքինգին առնչվող հանցագործություններով արձանագրված եւ քննված գործերի քանակը:

«Եթե 2004 թվականի դրությամբ այդ տիպի հանցագործություններով ընդամենը արձանագրվել էր եւ քննվել էր 15 դեպք, ապա 2006 թվականին այդ դեպքերի թիվը մոտավորապես 32-ն էր, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն 20 գործեր են քննվել», - թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային սեմինարի ժամանակ այսօր ասաց Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Եվրախորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, ում համոզմամբ, այս ուղղությամբ պայքարի արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտ նախապայմանները «համագործակցությունն ու համակարգված գործունեությունն են»:

Երկու դեպքում էլ, ըստ փոխնախարարի, բավարար աշխատանք չի կատարվում. - «Փորձը ցույց է տալիս, որ երկրների մեծ մասը, հատկապես նրանք, որ թրաֆիքինգի դեմ պայքարի սկզբնական փուլերում են գտնվում, մեծապես կախված են միջազգային դոնորների օժանդակությունից թե’ ուղղորդելու առումով, թե’ ֆինանսական օժանդակությամբ: Այստեղ է, որ մենք տեսնում ենք բազմաթիվ կրկնություններ, երբեմն` թելադրված գործողություններ, որոնք կա’մ բավարար չափով հաշվի չեն առնում երկրի առաջնայնություններն ու առանձնահատկությունները, կա’մ փորձում են, առավել դյուրին ճանապարհ ընտրելով, պատճենել մեկ այլ երկրի իրավիճակը տվյալ երկրի վրա»:

«Սա ինչ-որ առումով հարվածում է մեր կողմից ձեռնարկված ջանքերի արդյունավետությանը թե’ տեղական մակարդակով, թե’ միջազգայնորեն», - հավելեց փոխարտգործնախարարը:

2002 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: 2004 թվականին կառավարությունը հաստատել է թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման հայեցակարգը եւ 2004-2006 թվականների ազգային ծրագիրը: Ավարտվել են նաեւ 2007-2009 թվականների ծրագրի մշակման աշխատանքները, եւ ակնկալվում է, որ ծրագիրը կհաստատվի այս ամսվա ընթացքում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG