Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը այսօր կհանդիպի Մինսկի խմբի համախագահների հետ


Այսօր Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան:

Նախապես հայտնի էր, որ Հայաստանի արտգործնախարարը երեքշաբթի օրը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում նախատեսված չէր:

Օգոստոսի 22-ին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարը չի՞ պատրաստվում Բրյուսելում հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը ասել էր, որ Վարդան Օսկանյանը վերջերս Փարիզում հանդիպել է համանախագահների հետ, եւ առաջիկայում նման հանդիպում չի սպասվում:

Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, քննարկվել է սեպտեմբեր ամսվա ընթացքում համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կազմակերպելու խնդիրը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG