Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը կմասնակցի Եվրամիության Նոր հարեւանության ծրագրի առաջին խորհրդաժողովին


Սեպտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Նոր հարեւանության ծրագրում ընդգրկված բոլոր 16 երկրների առաջին խորհրդաժողովը, որը կանցնի «Աշխատելով միասին՝ հզորացնենք Նոր հարեւանության քաղաքականությունը» նշանաբանի ներքո:

Հայաստանը Բրյուսելում ներկայացնելու է արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը: Նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ բրյուսելյան խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են առեւտրի ազատականացման, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերները:

Վլադիմիր Կարապետյանի փոխանցմամբ` Բրյուսելում գտնվելու ընթացքում սեպտեմբերի 4-ին նախարար Վարդան 0սկանյանը հանդիպելու է ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դը Հոոպ Սխեֆերի հետ:

Խորհրդաժողովը բացելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրամիության ներկայիս նախագահող երկրի՝ Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Լուիշ Ամադուն եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների ու ընդարձակման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել է, որ Եվրամիությունը ցանկանում է լսել Նոր հարեւանության ծրագրին մասնակցող կողմերի կարծիքը:

«Կհնչեն նոր գաղափարներ, կլինեն հետաքրքիր առաջարկներ, ինչո՞ւ չէ` գուցեեւ քննադատություն, կարեւոր է իմանալ գործընկերների տեսակետները: Մենք կցանկանանք անդրադառնալ Նոր հարեւանության ծրագրի առաջին արդյունքներին: Գործընկեր երկրները համոզվում են, որ դա հիրավի օգտակար ծրագիր է, որ մենք իսկապես սատարում ենք նրանց, ոչ միայն ֆինանսապես ենք օգնում, այլեւ առաջարկում ենք փորձագիտական աջակցություն, ազատականացնում ենք վիզային ռեժիմը», - ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG