Մատչելիության հղումներ

Ֆրանսիացիները ստանձնում են Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատարությունը


Այսօր ֆրանսիացի զինվորականները գերմանացիներից կընդունեն Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի 20-հազարանոց զորախմբի հրամանատարությունը:

Հրամանատարության փոփոխությունը տեղի է ունենում Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների նոր փուլի ֆոնին: Երեկ երեկոյան Վիեննայում ավարտվեց միջազգային միջնորդների, ալբանական ու սերբական պատվիրակությունների հերթական հանդիպումը: Եվ չնայած Եվրամիությունը ներկայացնող գերմանացի բանագնաց Վոլֆգանգ Իշինգերի լավատեսական հայտարարություններին` այս անգամ էլ որեւէ առաջընթաց չարձանագրվեց:

«Ես լավ դիվանագետ չէի լինի, եթե չցուցադրեի իմ լավատեսությունը, բայց ես, իրոք, լավատես եմ եւ կարծում եմ, որ կարող ենք լուրջ առաջընթաց արձանագրել», - ասել էր Իշինգերը բանակցությունների մեկնարկից առաջ:

Վերլուծաբաններից ոմանց կարծիքով, սակայն, այն հանգամանքը, որ բանակցություններին մասնակցելու նպատակով Ավստրիայի մայրաքաղաք էր ժամանել Կոսովոյի ալբանացի վարչապետը, իսկ Սերբիայի կողմից` միայն Կոսովոյի խնդրով նախարար Սլոբոդան Սմարջիչը, արդեն իսկ վկայում է կողմերի իրարամերժ մոտեցումների մասին: Գերմանացի բանագնացը, այդուհանդերձ, այդ փաստը մեկնաբանել էր այսպես. - «Այն, որ Կոսովոն բանակցություններին մասնակցում է ամենաբարձր մակարդակով, վկայում է, թե ինչ վիթխարի նշանակություն ունի Պրիշտինայի համար այս հարցը: Ես, սակայն, որեւէ խնդիր չեմ տեսնում` կապված Բելգրադի մասնակցության ձեւաչափի հետ»:

Հինգշաբթի օրվա բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին: Սերբական կողմը կրկին առաջարկեց Կոսովոյի ալբանացիներին տրամադրել ինքնավարության ամենաբարձր մակարդակ: Ալբանական կողմը, իր հերթին, սպառնում է միակողմանիորեն անկախություն հռչակել, եթե բանակցությունները առաջընթացի չհանգեցնեն:

Բանագնացների եռյակը սերբական ու ալբանական կողմերի հետ կհանդիպի նաեւ մեկ շաբաթից` սեպտեմբերի 7-ին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG