Մատչելիության հղումներ

«Շինարարական բումը Բաքվում վերածվեց աղետի»


«Նովիե Իզվեստիա»-ի մեկնաբան Ռաֆայել Մուստաֆաեւը, «Ավերված երազանք» վերնագրի ներքո անդրադառնալով երեքշաբթի երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաքում բազմահարկ շենքի փլուզմանը, շեշտել է. - «Շինարարական բումը Բաքվում վերածվեց աղետի»:

«Ադրբեջանի մայրաքաղաքում շինարարական բում է, սակայն ի տարբերություն այլ խոշոր քաղաքների` այստեղ շինարարները, որպես կանոն, անփորձ են», - գրում է մեկնաբանը: - «Վայ-շինարարները հասցրել են մի քանի տարում «նախշել» հին քաղաքը պաճուճազարդ, հսկայական բազմահարկ կառույցներով, ընդ որում` հաճախ չփոխելով հին կոմունիկացիաները»:

«Բաքվեցիների մեծամասնությունը համոզված է, որ շինարարների թիկունքում կանգնած են իշխանական շրջանակների ներկայացուցիչները: Մի քանի տարի առաջ ստորագրվել էր հրամանագիր, որն արգելում է 12 հարկից ավելի բարձր շենքեր կառուցել Ապշերոնի թեկակղզում, որտեղ գտնվում է Բաքուն, քանի որ այն համարվում է սեյսմիկ բարձր ռիսկի գոտի», - գրում է «Նովիե Իզվեստիա»-ն` հավելելով. - «Ընդհուպ մինչեւ վերջերս ոչ ոք կասկածի տակ չէր առնում շենքերի որակը, քառակուսի մետրի գինը հասնում էր 4 հազար դոլարի»:

«Հին սերնդի փորձառու մասնագետների մի խումբ, հիմնականում թոշակառուներ, եւ Ազատ սպառողների միությունը բախել են իշխանավորների դռները, ահազանգել են քաղաքի գլխավոր հատակագիծն աղավաղելու անթույլատրելիության, անվտանգության տեխնիկայի համատարած խախտումների, ամրալարի, ցեմենտի եւ այլ շինանյութերի ցածր որակի մասին, պնդել են, որ շինարարների մեծ մասը չունի մասնագիտական կրթություն», - ընդգծում է թերթի մեկնաբանը:

«Նովիե Իզվեստիա»-ն վկայակոչել է Բաքվի անշարժ գույքի փորձագետ Ռովշան Սուլթանովին, ով ասել է, թե «այնուամենայնիվ, դժվար թե շինարարները դասեր քաղեն այս ողբերգությունից, գերշահույթի հետեւից ընկած՝ նրանք կշարունակեն օգտագործել էժան, ոչ պրոֆեսիոնալ աշխատուժ եւ անորակ շինանյութ»:

Թերթի փոխանցմամբ, շենքի վթարի առիթով հարուցվել է քրեական գործ: Կան ձերբակալվածներ, նրանց թվում են շենքը կառուցող «Մութաֆեքիր» ընկերության գլխավոր տնօրեն Ալի Մուրադովը եւ նրա եղբայրը՝ Ասքեր Մուրադովը:

Վերջին տվյալներով, աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 11-ի, կան նաեւ վիրավորներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG