Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը չի ընդունում «ընդդիմադիրների հավաքներ» որակումը


«Ազգային ինքնորոշում» միավորում (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը չի ընդունում, որ, այսպես կոչված, «Մետելիցա»-ի ձեւաչափի հանդիպումները անվանում են ընդդիմադիրների հավաքներ: «Թույլ չեմ տա, որ իմ մասնակցության դեպքում շեշտվի ընդդիմությունը: Պետք է այդ որակը նշվի` ժողովրդավարական ուժերի թիմ, ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածու, սկզբունքը դա է լինելու` իմ պատկերացմամբ», - հայտարարեց նա լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Ես իմ հաղթարշավը արդեն սկսել եմ, այս ծրագիրը որ տվել եմ` վաղը սա աշխարհի ապագան է, ոչ թե Հայաստանի, եթե ուզում եք իսկապես ժողովրդավարական երկրներ ունենալ ու այդպիսի համագործակցություն: Ես ուզում եմ, որ դա առաջինը Հայաստանում արվի. Հայաստանում չի արվի` աշխարհում կարվի», - հայտարարեց Հայրիկյանը` հավելելով. - «Ուրեմն, ես ընտրություններին մասնակցելու եմ միայն որոշակի իրավիճակներում: Ինչ վերաբերում է ԱԻՄ-ին, ապա ԱԻՄ-ը` կախված դարձյալ իրավիճակից, իր գնահատականը կտա ու կորոշի` մասնակցե՞լ, մասնակցելուց հետո` մասնակցել սեփակա՞ն թեկնածուով, թե՞ մեզ համախոհ, մեր ծրագրերին ընթացք տվող որեւէ նախագահի հետ»:

«Եթե դա լինի Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ԱԻՄ-ի նախագահը պատասխանեց. - «Եթե մեր ծրագրերին ընդառաջ գնա նաեւ Սերժ Սարգսյանը` կարող է լինել Սերժ Սարգսյանը, իմացեք հենց սկզբից»:

Այնուհանդերձ, երկրորդ հանդիպմանը, որը անցկացվել է երկու օր առաջ «Կոնգրես» հյուրանոցում, նույնպես մասնակցել են միայն ընդդիմադիր ուժերի առաջնորդներ, 7 գործիչ` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուկ Գասպարյանը, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Պարույր Հայրիկյանը, Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը եւ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը:

«Ութերորդին թույլ չտվեցինք մասնակցել, որովհետեւ իրենց ներկազմակերպական պատկերացումները մեզ չեն հետաքրքրում: [«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ] Րաֆֆի Հովհաննիսյանին մենք ասել ենք, որ կամ ինքը կմասնակցի, կամ` «հեչ էլ մասնակցես», - ասաց Հայրիկյանը: - «Մենք ուզում ենք առաջին դեմքերով քննարկել կարեւորագույն հարցերը եւ առաջին դեմքերից լսել նրանց պատկերացումները»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG