Մատչելիության հղումներ

«Եվրասիա» հիմնադրամը աջակցում է հայ - թուրքական երկխոսությանը


Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների, լրագրողների, արվեստագետների եւ երաժիշտների միջեւ առավել արդյունավետ երկխոսության եւ համագործակցության զարգացմանը աջակցելու նպատակով «Եվրասիա» հիմնադրամը 140 հազար դոլար ընդհանուր գումարի դրամաշնորհներ է տրամադրել հայաստանյան վեց կազմակերպությունների:

Այս միջոցների հաշվին իրականացվելու են Կոմիտասի անվան պետական քառյակի եւ ԲոսՖորի քառյակի փոխայցելությունները եւ համերգները Հայաստանում եւ Թուրքիայում, երկու երկրների երիտասարդների միջեւ «կլոր սեղանների» անցկացումը եւ դրանց հեռարձակումը հեռուստատեսությամբ, հայ եւ թուրք լրագրողների կողմից պատրաստված հետաքննական նյութերի հրապարակումը:

Դրամաշնորհը շահած կազմակերպություններից է «Պատկեր» գործակալությունը, որը նախկինում թուրք լուսանկարիչների հետ համագործակցության եւ Երեւանում ու Ստամբուլում ցուցահանդեսների անցկացման փորձ ունի:

Գործակալության տնօրեն Ռուբեն Մանգասարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց. - «Նոր ծրագիրը մենք կատարելու ենք միաժամանակ, այսինքն` լուսանկարիչները աշխատելու են մեկ շաբաթվա ընթացքում, փոխանակելու են լուսանկարները Ինտերնետի միջոցով, դրանք ցուցադրվելու են տեղական հեռուստաընկերությունների միջոցով` որպես սլայդ-շոուներ, տպելու ենք թերթ` մեկ համար, եւ անցկացնելու ենք ցուցահանդեսներ: Արդյունքում լինելու է ֆոտոալբոմ, գիրք, որը կընդգրկի այս երկու ծրագրերի լուսանկարները»:

Իրենց նախորդ երկու փորձերի արձագանքը, ըստ Ռուբեն Մանգասարյանի, «զարմանալի էր, բայց շատ բարիդրացիական էր, մենք անգամ չէինք սպասում, որ երկու կողմում էլ այդպիսի հետաքրքրություն կլինի»:

«Հատկանշական էր, որ թուրքական մամուլը ավելի հետաքրքրված էր այս ծրագիրը լուսաբանելով: Ծրագիրը անգամ տեղ գտավ օտար մամուլում. այդ մասին գրեց Le Monde թերթը, դա տպագրվեց իտալական Geo ամսագրում», - նշեց «Պատկեր» գործակալության տնօրենը:

Այս անգամ, ըստ նրա, «երեւի արձագանքը այդպես մեծ չլինի երկրի ներսում, բայց մենք հիմա ուզում ենք ծրագիրը իրականացնել սահմանամերձ գոտում, եւ դա ավելի կարեւոր է` որ տեղի բնակչությունը, տեղական մամուլը հետաքրքրված լինեն այդ ծրագրով»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG