Մատչելիության հղումներ

Վենետիկյան 64-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր թեման պատերազմն է


Վենետիկի Լիդո կղզում այսօր մեկնարկող Վենետիկյան 64-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր թեման պատերազմն է: Մրցութային ծրագրում ներկայացված 22 ֆիլմերի գրեթե կեսը կամ Երկրորդ համաշխարհայինի, կամ էլ Իրաքյան պատերազմի մասին է:

Իրաքյան պատերազմի թեման առավել շատ արծարծված է փառատոնին ներկայացված հոլիվուդյան ֆիլմերում: Այսպես, Փոլ Հագիսի «Ալլահի հովտում» ֆիլմը պատմում է պաշտոնաթող ամերիկացի զինվորականի մասին: Թոմի Լի Ջոնսի մարմնավորած հերոսը փորձում է սեփական ուժերով հետաքննել Իրաքում զոհված որդու մահվան հանգամանքները` ի վերջո համոզվելով, որ որդու հետ տեղի ունեցածը նաեւ մութ կողմեր ունի: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Շարլիզ Թերոնն ու Սյուզեն Սարանդոնը:

Պատերազմական թեմային է նվիրված Բրայան դի Պալմայի «Առանց գրաքննության» ֆիլմը, որը պատմում է թշնամու թիկունքում հայտնված ամերիկացի զինվորականների դաժան ճակատագրի մասին:

Բրիտանական «Մեղքերի քավություն» ժապավենի սյուժեն սիրային պատմություն է, սակայն կրկին` պատերազմական ֆոնին: Այս ֆիլմում տեղ գտած իրադարձությունները ծավալվում են Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի ֆիլմը կցուցադրվի փառատոնի բացման արարողության ժամանակ:

Մրցութային ծրագրում տեղ է գտել նաեւ աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին նվիրված «Ես այնտեղ չեմ» կինոնկարը: Գեղարվեստական այս ֆիլմի հերոսների թվում են 60-ականների ու 70-ականների այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ջոն Lենոնն ու Ալեն Գինսբերգը:

Փառատոնի արտամրցութային ծրագրում ընդգրկված է համաշխարհային կինոյի ամենահայտնի եւ սկանդալային կերպարներից մեկի` Վուդի Ալենի նոր ֆիլմը` «Կասանդրայի երազը»: Երկու եղբայրների հարաբերությունները երիտասարդ կնոջ հետ ժամանակակից Lոնդոնում անսպասելի զարգացում են ստանում` ի վերջո հանգեցնելով լուրջ բախման:

Բրիտանական մայրաքաղաքում բնակվող անօրինական ներգաղթյալների ամենօրյա հոգսերին ու զրկանքներին է անդրադառնում Քեն Lոուչը` «Սա է ազատ աշխարհը» կինոնկարով:

Սեպտեմբերի 8-ին` փառատոնի փակման օրը, իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր, 67-ամյա Բեռնարդո Բերտոլուչիին կշնորհվի «Ոսկե առյուծ» մրցանակը` համաշխարհային կինոյում ներդրած ավանդի համար:

Վենետիկյան կինոփառատոնը 75-ամյա պատմություն ունի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG