Մատչելիության հղումներ

Ադրբեջանը վերստին քննադատվել է մարդու իրավունքների ոլորտում վարած քաղաքականության համար


Եվրամիության Նոր հարեւանության ծրագրի եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդրի համատեքստում օրերս Եվրախորհրդարանում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանում: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Բրյուսելից հաղորդում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մարդու իրավունքների բնագավառում պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունը:

«Մեզ համար իրավունքների ոտնահարման միտումն անընդունելի է, այն հակասում է «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւանություն» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի անհատական գործողությունների ծրագրի ոգուն եւ նպատակին: Այդ ծրագրով Ադրբեջանը հստակ պարտավորվել էր պաշտպանել մարդու իրավունքները, այդ թվում մամուլի ազատության իրավունքը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի Նոր հարեւանության բաժնի տնօրեն Ռուտգեր Վիսելը:

Քննարկումներին մասնակցել է Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Էմին Էյուբովը, որը, արձագանքելով քննադատությանը, պնդել է, թե «մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության գերագույն նպատակներից մեկն է»:

Էյուբովը թերացումների համար, մի կողմից, մեղադրել է ադրբեջանցի լրագրողներին, որոնցից շատերը, իր գնահատմամբ, «չունեն պրոֆեսիոնալ էթիկա», մյուս կողմից, ընդունել է, որ տակավին թույլ են եւ փորձ չունեն Ադրբեջանի պետական ինստիտուտները եւ կառավարությունը:

Եվրամիության պատգամավորները Էյուբովից պարզաբանումներ են խնդրել լրագրող Էլմար Հուսեյնովի` 2005 թվականին տեղի ունեցած սպանության գործի վերաբերյալ: Եվրամիությունում Ադրբեջանի դեսպանը հավաստիացրել է, որ իրավապահները ջանք չեն խնայում այդ հանցագործությունը բացահայտելու համար:

Հռոմի միջազգային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ռոզա Բալֆուրը բրյուսելյան այդ քննարկումների առիթով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե Նոր հարեւանության ծրագրում առանցքային տեղ չունի մարդու իրավունքների պաշտպանությունը, եւ գործընկեր կառավարությունների համար Եվրամիության հետ հարաբերություններում այդ թեման երկրորդական է:

«Նոր հարեւանության ծրագիրը զարգացման այս փուլում, ինչպես նաեւ հեռանկարում Եվրամիությանը տալիս է մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը նպաստելու կարողություն, բայց հարկ է գիտակցել, որ դա կպատահի միայն այն դեպքերում, երբ գործընկեր կառավարությունները հետաքրքրված կլինեն Եվրամիությունից ստացվող առաջարկություններով», - ասել է Բալֆուրը:

Նրա խոսքերով, Եվրամիությունը առաջարկում է «բարենպաստ պայմաններ, օրինակ, առեւտրի բնագավառում, սակայն ի զորու չէ պատժամիջոց սահմանել մարդու իրավունքները խախտող երկրների նկատմամբ»:

Ինչպես նշում է Բրյուսելում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Ահթո Լոբիակասը, Նոր հարեւանության ծրագրի առաջնահերթ նպատակն է նպաստել ընդարձակ Եվրոպական միության եւ անմիջական հարեւաների տնտեսական ինտեգրմանը եւ բարիդրացիական հարաբերություններին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG