Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, փաստելով, որ այդպես էլ հնարավորություն չկա ճշգրիտ տեղեկատվություն ստանալ բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների զավակների միջեւ հաճախակի դարձած ծեծկռտուքների մասնակիցների ինքնության վերաբերյալ, նկատել է. - «Ճշմարտությունը պետք է ասի նախեւառաջ ոստիկանությունը: Սակայն, ինչպես հայտնի է, եթե այդ ծեծկռտուքներին մասնակցում են օլիգարխների եւ բարձր պաշտոնյաների մերձավորները կամ զինված ծառաները, իրավապահները փորձում են կոծկել իրականությունը, իսկ երբ չի հաջողվում՝ եղածը ներկայացնում են չափազանց «մեղմացված» տարբերակով»: «Այսքանից հետո կարելի է եզրակացնել, որ նման միջադեպերը շարունակվելու են, որովհետեւ «ազգային ջոջերի» զավակները եւ թիկնապահները վստահ են. ինչ էլ անեն, միեւնույն է` իրենց կենսաբանական կամ գործատու «պապաները» բոլոր դեպքերում կազատեն պատասխանատվությունից: Եվ քանի դեռ այդպես է, մենք իրավունք ունենք նման միջադեպերից հետո կասկածել բոլոր պաշտոնյաներին եւ բոլոր օլիգարխներին», - բխեցրել է գլխավոր խմբագիրը։

Թիվ 15 ընտրատարածքում անցյալ կիրակի կայացած ընտրության դասերը համադրելով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը հանգել է այսպիսի եզրահանգման. - «Այն է՝ ընտրողին դուր գալու ամերիկյան ստանդարտներն ընդօրինակելով հեռու չես գնա։ Ընտրությունների նախօրեին կամ նույն օրը «փողոցային» քայլարշավներ նախաձեռնելով կամ այցելելով վերնիսաժ եւ, հոլիվուդյան ժպիտը դեմքին, բոլոր «ձեռքի տակ ընկած», այսինքն՝ պատահած պոտենցիալ ընտրողներին ձեռքով բարեւելով՝ գուցե կարելի է համակրանքի որոշ (իհարկե, ոչ մեծ) ալիք ստեղծել մայրաքաղաքում, բայց ոչ հանրապետության շրջաններում։ Տնից տուն այցելելով եւ շարքային ընտրողին ձեռքով բարեւելու պարզունակ մարտավարական հնարքին ապավինելով՝ հնարավոր է, թերեւս, շարժել սոցիալապես շատ թե քիչ ապահովված երեւանցի ընտրողի հետաքրքրությունը, բայց ո՛չ բազմաթիվ չլուծված հարցեր ունեցող, այդ հարցերի լուծման կոնկրետ մեխանիզմներ ակնկալող գյուղացու»։

«Հայկական Ժամանակ»-ը փոխանցել է. - «Երբ հարկային ծառայության պետի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին փոխարինեց Վահրամ Բարսեղյանը, շատերի համոզմամբ` դա հանգեցնելու էր Հարկային պետական ծառայությունում շոշափելի կադրային փոփոխությունների: Սակայն կադրային եւ ոչ մի նշանակալից փոփոխություն այստեղ տեղի չունեցավ»: Հարկային պետական ծառայության աղբյուրները թերթին հայտնել են, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հատուկ հրահանգ է տվել Վահրամ Բարսեղյանին` առաջիկա առնվազն մի քանի ամիսներին ոչ ոքի չազատել աշխատանքից, ընդ որում` այդ հրահանգը հնչեցվել է Վահրամ Բարսեղյանին ծառայությունում ներկայացնելու ժամանակ: «Սերժ Սարգսյանը իր այս հրահանգը ոչ մի կերպ չի բացատրել, բայց բոլորն էլ հասկացել են, թե ինչի մասին է խոսքը. մինչեւ նախագահական ընտրություններ որեւէ մեկը Սերժ Սարգսյանից` մասնավորապես, եւ նրա նշանակած մարդկանցից նեղացած չպետք է լինի», - եզրակացնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ժամանակ Երեւան»-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, տեղեկացնում է, որ իշխանությունները պատրաստվում են վաճառել Արարատի ցեմենտի գործարանը: «Գնորդը, ինչպես հասկանում եք, դարձյալ ռուսներն են, ավելի կոնկրետ` ռուսական այն կազմակերպությունը, որը գնում է Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», - գրում է թերթը` բխեցնելով. - «VivaCell-ի, իսկ այժմ էլ ցեմենտի գործարանի հետ կապված պատմությունները ցույց են տալիս, որ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան իր ունեցվածքը վերածում է կանխիկ փողի»:

Պնդելով, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պերտրոսյանի «ամառային անակնկալ այցերը» վկայում են մեծ քաղաքականություն վերադառնալու նրա մտադրության մասին, «Տարեգիր» թերթի խմբագրականը նկատել է, թե «Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, եթե համոզված լինի, որ ժողովրդին ցանկալի է իր վերադարձը, եւ իր հաղթանակն էլ կասկած չի հարուցում»։ «Դա մոտավորապես պարզ կդառնա այն դեպքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հանրահավաքներ կանցկացնի մայրաքաղաքում։ Բոլոր դեպքերում, առաջին նախագահն արդեն մտածելու ժամանակ գրեթե չունի։ Այդ ժամանակը գուցե եւ պետք չէ նրան, քանի որ, ըստ ամենայնի, արդեն մտածել-վերջացրել է», - գրում է գլխավոր խմբագիրը:

«Ազգ» թերթի մեկնաբանը, անդրադառնալով քաղաքաշինության նախարարության ներկայացրած որոշման նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճի մակարդակը նախատեսված 6 մետրի փոխարեն բարձրացնել ընդամենը 3 մետրով, պնդել է, որ նման սցենարի դեպքում «Սեւանա լիճը կվերածվի մի հսկայական ճահճի»։ «Թե ինչո՞վ է դա հիմնավորվում, այդպես էլ պարզ չեղավ: Ինչը զարմանալի չէր, քանզի որեւէ հիմնավոր կարծիք լճի մակարդակի բարձրացումը սահմանափակելու համար գոյություն չունի», - պնդել է մեկնաբանն ու բացատրել. - «Միակ հիմնավորումն այս հարցում որոշ մարդկանց անձնական շահերն են: Սակայն անգամ այդ մարդիկ պետք է իմանան, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը չթույլատրելու հետեւանքները աղետալի կլինեն ոչ միայն մեր երկրի համար: Դա նրանց առանձնապես չի հուզի: Նրանց պետք է բացատրել, որ այդ դեպքում Սեւանը կվերածվի հսկայական ճահճի, իսկ նրանց կառուցած դղյակները՝ առանձնատները, հյուրանոցներն ու հանգստյան տներն այլեւս պիտանի չեն լինի ապրելու եւ հանգստանալու համար»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG