Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենահարմարավետ քաղաքները Կանադայում եւ Ավստրալիայում են


Աշխարհի ամենահարմարավետ քաղաքները գտնվում են Կանադայում եւ Ավստրալիայում: Այդ են վկայում բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսի վերջին հետազոտության արդյունքները:

Հետազոտության հեղինակները լավագույն քաղաքները որոշելիս հաշվի են առել 40 չափորոշիչ` քաղաքական ու սոցիալական մթնոլորտից մինչեւ շրջակա միջավայրի մաքրություն, ուսումնասիրել են հանցավորության աստիճանը, հաշվի են առել տրանսպորտային ենթակառուցվածքների վիճակը, պաշտոնյաների բարեխղճությունն ու շահավետ առեւտուր կատարելու եւ հանգստանալու հնարավորությունները:

Արդեն հինգերորդ անգամ անընդմեջ աշխարհի 132 մեգապոլիսների եւ մայրաքաղաքների շարքում իր հարմարավետությամբ եւ հանգստությամբ առաջինն է ճանաչվել կանադական Վանկուվերը: Երկրորդ տեղում է ավստրալական Մելբուռնը, երրորդում` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան:

Լավագույն քաղաքների տասնյակում ընդգրկվել են կանադական երկու քաղաքներ` Վանկուվերն եւ Տորոնտոն, եւ ավստրալական չորս քաղաք` Մելբուռնը, Պերտը, Ադելաիդան եւ Սիդնեյը: Տասնյակը եզրափակում են շվեյցարական Ժնեւն ու Ցյուրիխը:

Նյու Յորքը, Տոկիոն, Lոնդոնն ու Փարիզը, ըստ ուսումնասիրության հեղինակների, լավագույն տասնյակում չեն ընդգրկվել: «Գրեթե ամեն քայլափոխի հանդիպող խցանումները, հանցավորության բարձր աստիճանն ու աղտոտված օդը բացասաբար են ազդում այս քաղաքներում ապրող մարդկանց կյանքի որակի վրա», - փաստում են բրիտանացի փորձագետները:

Նույն այս պատճառներով Մոսկվան հայտնվել է ցուցակի 75-րդ, Սանկտ-Պետերբուրգը` 80-րդ հորիզոնականում:

«Էկոնոմիստ»-ի փորձագետները նշում են, որ այս հետազոտությունը օգնում է մարդկանց հասկանալ` որտե՞ղ կարելի է հանգիստ ապրել, իսկ ո՞ւր չարժե մեկնել առանց խիստ անհրաժեշտության:

Հարմարավետ քաղաքների հիմնական մասը Եվրոպայում է, վտանգավոր քաղաքների մեծ մասը` Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG