Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 25-ը օգոստոսի)


«Պուտինը դեմ է Սերժին»՝ այս վերնագրի ներքո «Ժամանակ Երեւան»֊ը գրում է. - «Երեկ արդեն բավական ակտիվորեն քննարկվում էին նախորդ օրը Սոչիում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան -֊ Վլադիմիր Պուտին հանդիպման մանրամասները: Ըստ այդմ՝ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է Հայաստանի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի փոխարինողի կամ իրավահաջորդի հարցը: Ռուսաստանի նախագահն անընդունելի է համարել, որ այդ թեկնածուն կարող է լինել վարչապետ Սերժ Սարգսյանը, եւ առաջարկել է նախագահի պաշտոնի համար այլ իրավահաջորդ գտնել, որն ավելի ընդունելի կլինի Ռուսաստանի համար: Սերժ Սարգսյանի նկատմամբ նման մերժողական վերաբերմունքը բացատրվում է հենց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստան ֊- ՆԱՏՕ եւ Հայաստան -֊ ԱՄՆ հարաբերությունների ջերմացմամբ, որի արդյունքը եղավ հայկական զորախմբի ներկայությունը Իրաքում»:

«Հայկական ժամանակ»֊-ը գրում է. - «Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատանը երեկ հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ֊-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի հետ: «Հայաստանում ԱՄՆ֊-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր պարտականությունների կատարման բերումով հանդիպումներ է ունենում հայաստանյան տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ», ֊- տեղի ունեցած հանդիպումը այսպես են բացատրում Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատանը, որը, մեր տեղեկություններով, եղել է հանդիպման նախաձեռնողը: Լեւոն Տեր֊-Պետրոսյանի գրասենյակում հանդիպման հետ կապված հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել: Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանատան մեր աղբյուրները նշում են, սակայն, որ զրույցի հիմնական թեման եղել է Հայաստանի ներքաղաքական վիճակը եւ հնարավոր զարգացումները: Ինչպես բազմաթիվ հայաստանցիների, այնպես էլ ամերիկացի դիվանագետներին հետաքրքրել է, թե արդյո՞ք Տեր֊-Պետրոսյանը մասնակցելու է նախագահական առաջիկա ընտրություններին: Թե ի՞նչ է պատասխանել Տեր֊-Պետրոսյանը, պարզել չհաջողվեց»:

«Հայք»-֊ը հայտնում է. - «ՀՅԴ-ի մեր աղբյուրների պնդմամբ՝ նախագահի առաջիկա ընտրություններում Դաշնակցությունն առաջադրելու է ՀՅԴ-ի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի թեկնածությունը: Դաշնակցությունն իր որոշումը պաշտոնապես կհրապարակի սեպտեմբերի կեսերին կայանալիք ՀՅԴ-ի գերագույն ժողովից հետո: Մեր աղբյուրների պատմելով՝ քննարկվել է նաեւ Վահան Հովհաննիսյանի, Հրանտ Մարգարյանի եւ Արթուր Աղաբեկյանի թեկնածությունը: Սակայն հին ընկերները գերադասել են Ռուստամյանին»:

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասել է. - «Վերջին 10 տարիներին անընդհատ լսում ենք, որ իշխանությունը խուճապի, ավելին՝ հոգեվարքի մեջ է։ Իշխանափոխության օրեր ու ժամեր են նշվում, բայց, ինչպես տեսնում եք, իշխանությունը իր տեղում է։ Այդ բոլոր խոսակցությունները սերիալային մակարդակի քննարկումներ են հիշեցնում։ Ես տեսնում եմ հակառակը՝ որեւէ քաղաքական գործընթաց՝ ո՛չ իշխանության, ո՛չ առավել եւս ընդդիմության ճամբարում, որեւէ թեկնածուի առաջադրումը կամ չառաջադրումը չի կարող խուճապ առաջացնել իշխանության մեջ։ Ավելին՝ իմ տպավորությամբ, իրականում ընդդիմությունն է խուճապի մեջ, որովհետեւ այդ մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ միավորվե՞լն է ավելի լավ, թե՞ չմիավորվելը, ո՞ր թեկնածուն է ավելի հարմար որպես միասնական թեկնածու, եւ այլն»։

Մեկնաբանելով Հայ արիական միաբանության հայտարարությունը, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, ամուսնանալով թրքուհի Զեյնո Բարանի հետ, այլեւս չի կարող անկողմնակալ համարվել ու վստահություն ներշնչել, «Ազգ» օրաթերթը գրում է. - «Կարելի էր հասկանալ միաբանության մտահոգությունը: Թեեւ ստույգ տեղեկություններ չհաջողվեց գտնել, սակայն Զեյնո անունն ամենեւին թուրքական չէ, իսկ նրա Բարան ազգանունը, որը տարածված է քրդերի մեջ, ցեղանուն է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Բարան ցեղի Զեյնոն ոչ թե թրքուհի, այլ քրդուհի պետք է լինի, պարզապես ծնվել եւ մեծացել է Թուրքիայում: Համենայն դեպս, թուրքական մամուլը նրան ամենեւին չի համարում Թուրքիայի բարեկամը, հետեւաբար կարելի էր հանգիստ թողնել Բրայզայի հարսնացուին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG