Մատչելիության հղումներ

Շիրազի 20 շենքի գազամատակարարումը շաբաթվա սկզբից դադարեցված էր


Երեկ երեկոյան Երեւանի 15-րդ թաղամասի Շիրազի 20 հասցեի 9 հարկանի շենքում գազի պայթյունից զոհվածը 42-ամյա Արմեն Խաչատրյանն է: Չորս մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրանցից երկուսի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Պայթյունը երկրորդ մուտքում է տեղի ունեցել` երեկոյան ժամը 18:20-ի սահմաններում: Փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն, այն գազի արտահոսքի հետեւանք է: Հինգ բնակարան ամբողջությամբ քանդվել է, վնասվել է նաեւ շենքի առաջին հարկում գտնվող մթերային խանութի առաստաղը:

Այսօր առավոտից փրկարար ծառայության, գազի գրասենյակի, ոստիկանության եւ Աջափնյակի թաղապետարանի կոմունալ վարչության աշխատակիցները պայթյունի վայրում տարբեր փորձաքննություններ էին անցկացնում:

Պայթյունի պատճառին վերաբերող հարցին գործի քննությունը վարող` ոստիկանության հատուկ կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը պատասխանեց. - «Այս պահին մենք ուղղակի փաստը ունենք, փաստով քննություն ենք կատարում, քրեական գործ է հարուցված: Բազմաթիվ փորձաքննություններ, զննություններ, աշխատանքներ են տարվում: Այս պահին վաղաժամ է որեւէ բան ասել»:

Շիրազի 20 շենքի 6-րդ հարկի բնակիչ Ալբերտ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ շենքի գազամատակարարումը երկուշաբթի օրվանից դադարեցված էր. - «Երեկ պետք է միացնեին, բայց ոչ մի զգուշացում չի եղել միացնելու վերաբերյալ: Մենք ուրիշ տեղեր հետաքրքրվել ենք, ուրիշ շենքերում` ռադիոյով, մեքենաներով շրջել են, բնակիչներին կոչ են արել զգույշ մնալ, բայց այստեղ նման բան չի եղել: Երեկ պետք է միացնեին. ամբողջ օրը անընդհատ ստուգում էինք` բացում-փակում էինք, օդի հոսանքի ձայնը լսում էինք, բայց գազ չկար: Այդ ժամին արդեն գազը, փաստորեն, եղել է»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG