Մատչելիության հղումներ

Արեւմտյան մեկնաբանները գովեստով են խոսում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին


Միջազգային մամուլն անդրադարձել է ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում չորեքշաբթի օրը Երեւանում կայացած Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների հանդիպմանը` «Պորտուգալիան փրկվեց Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ», «Պորտուգալիան սայթաքեց», «Պորտուգալիան մի կերպ խուսափում է ամոթալի պարտությունից», «Շփոթված պորտուգալացիներն ու ոգեւորված հայերը» վերնագրերի ներքո:

Մարզական մեկնաբանները նշում են, որ Երեւանում Հայաստանի հետ ոչ-ոքի խաղալուց հետո Պորտուգալիան «Եվրո - 2008»-ի ընտրական մրցաշարի A խմբում այժմ 4 միավորով է զիջում լեհերին` զբաղեցնելով երրորդ տեղը:

Խաղի նախօրեին ՖԻՖԱ-ն հրապարակել էր աշխարհի ազգային հավաքականների օգոստոսյան վարկանիշային ցուցակը, որում Պորտուգալիան եզրափակում է լավագույն հավաքականների տասնյակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 81-րդ տեղում է եւ, ամենայն հավանականությամբ, հաջորդ ցուցակում ավելի բարձր տեղ կգրավի:

Արեւմտյան մեկնաբաններից մեկը գրում է. - «Խաղի մեկնարկը շատերի համար անակնկալ էր, հայ ֆուտբոլիստներն առաջին րոպեներից հուժկու գրոհներ ձեռնարկեցին: Պորտուգալացիների մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի համար մղձավանջը 11-րդ րոպեն էր, երբ Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Հավասարակշռությունը վերականգնվեց միայն «Մանչեսթըր 3ունայթեդ»-ի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի վարպետության շնորհիվ»:

«Վատ օր եւ խղճուկ միավոր` Պորտուգալիայի համար», - գրում է մեկ այլ մեկնաբան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG