Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի էլիտայի նորացումը դիտարկելով որպես «լուծում պահանջող ամենասուր եւ կարեւոր խնդիրներից մեկը»` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն առանձնացրել է. - «Շատերը կադրային հեղափոխություն ակնկալում էին դեռեւս 2003-ի նախագահական ընտրություններից հետո, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Կդառնա՞ն արդյոք 2008 թվականի նախագահական ընտրությունները քայլ դեպի քաղաքական էլիտայի կադրային նորացում, եւ կանցկացվի՞ արդյոք այդ ուղեգիծը հետեւողականորեն եւ նպատակասլաց` առայժմ դժվար է ասել»: «Էլիտայի որակից մեծապես կախված կլինի ոչ միայն երկրի արդիականացման ծրագրերի իրականացման, այլեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքական հավասարակշռություն ապահովելու` իշխանության կարողությունը», - եզրակացնում է թերթը:

«Ժամանակ Երեւան»-ի խմբագրականը, անդրադառնալով Պուտին - Քոչարյան հանդիպման շարժառիթներին, գնահատել է. - «Որեւէ մեկը կասկած չունի, որ Քոչարյանը Սոչի էր մեկնել Հայաստանի ապագա իշխանության հարցը Պուտինի հետ քննարկելու համար»: «Ընդհանրապես, Հայաստանում ավանդույթ է դարձել, որ իշխանությունը ձեւավորում են եւ նրան հենարան են հանդիսանում ոչ թե հասարակությունն ու ընտրողները, այլ ինչ-որ գերտերություններ ու դրանց ղեկավարները, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանն ու նրա ղեկավար Վլադիմիր Պուտինը», - գրել է խմբագիրն ու հիմնավորել. - «Քանի որ Քոչարյանն ավարտում է իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը, նա մեկնել է Սոչի` խոսելու այն սխեմաների մասին, որոնք կարող են գործել իր լիազորությունների երկրորդ ժամկետի ավարտից հետո»:

«Հայկական Ժամանակ»-ը «Կրեմլի թեկնածուն» վերնագրի տակ փոխանցել է. - «Պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, պարզվում է, կուսակցության որոշ ներկայացուցիչներ ցանկանում են առաջադրել նախագահական ընտրությունների ժամանակ»: Թերթը պարզել է, որ «հենց այս մոտեցման հետ համաձայն չլինելով, կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը հրաժարական է տվել»: «Պաշտպանության նախկին նախարարի թեկնածության հիմնավորումը հետեւյալն է. նա է Կրեմլի միակ թեկնածուն, որին Պուտինը կարող է պաշտպանել», - հավելել է «Հայկական ժամանակ»-ը։

«Դոմինո խաղալու ժամանակը» վերնագրի տակ «Իրավունք»-ի առաջնորդող վերլուծականը շեշտադրել է. - «Հայաստանի ապագա նախագահի վերաբերյալ նախապատվությունների առումով Կրեմլն իր դիրքորոշումները կարծես թե հստակեցրել է ամիսներ առաջ` գոնե արտաքնապես իր աջակցությունը հայտնելով գործող վարչապետ Սերժ Սարգսյանին»։ «Ավելորդ է նշել, որ ներկայիս խորհրդարանական մեծամասնության պայմաններում Սերժ Սարգսյանը եթե դառնա նախագահ, Քոչարյանին չի նշանակի վարչապետի պաշտոնում, քանզի երբեւէ չի հանդուրժի նման տեղում իրեն համարժեք մեկ այլ քաղաքական ֆիգուրի։ Քոչարյան էլ հազիվ թե համաձայնի ներկայիս ԱԺ մեծամասնության առաջադրած վարչապետը դառնալ, որովհետեւ դա Սերժ Սարգսյանի մեծամասնությունն է», - պնդել է վերլուծականն ու կանխատեսել. - «Նախագահական ընտրություններից հետո, եթե Սերժ Սարգսյանը հաղթի, շատ հավանական է, որ ներկայիս «կոալիցիան» գոյություն չունենա, քանզի վարչապետը դրան համաձայնել էր, ամենայն հավանականությամբ, ժամանակ շահելու եւ իշխանական մյուս թեւի հետ հարաբերությունները չսրելու համար»։

«Չորրորդ իշխանություն» թերթի փոխանցմամբ, «այն հանգստությունը, որ արտաքուստ դրսեւորում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, միայն քաղաքական ընդդիմությանը խուճապի մատնելու միտում ունի»։ Իրականում, ըստ թերթի, «հանրապետականները լուրջ մտահոգվում են մի խնդրով՝ ինչպես պետք է իրենց ղեկավարին «անփորձանք» հասցնեն ՀՀ նախագահի աթոռին»։ «ՀՀԿ-ն շատ լավ գիտակցում է, որ դա դյուրին գործ չէ», - պնդել է «Չորրորդ իշխանություն»-ը եւ հավելել. - «Հանրապետական կուսակցության բուրգի վերին հատվածում գտնվողներն այս օրերին իրենց բոլոր կառույցներին, ենթակա գյուղապետերին ու մանր-մունր չինովնիկներին մեկիկ-մեկիկ բացատրում են, որ եթե Սերժ Սարգսյանի համար չաշխատեն, լուրջ խնդիրներ են ունենալու ապագայում»։ Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա, ըստ թերթի, նրանց «վրա ձայներ դնելու գործը ՀՀԿ-ում հետաձգվել է մինչեւ աշնան սկիզբ, որպեսզի բոլոր ազգընտիրները վերադարձած լինեն հանգստի տարբեր վայրերից ու կարողանան թարմ ուժերով աշխատել Սերժ Սարգսյանի օգտին»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG