Մատչելիության հղումներ

Վրաստանի կրթության նախարարը մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը


Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:

«Մեր քաղաքացիները՝ Ախալքալակում, Նինոծմինդայում եւ այլ շրջաններում ապրող հայերը, կարող են լիովին բավարարել իրենց կրթական կարիքները վրացական համալսարաններում»,֊ - ասել է նա լրագրողներին:

Թբիլիսիում լույս տեսնող «Մեսենջեր» օրաթերթի վկայությամբ՝ անցած շաբաթ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտնել է, որ Լոմայայի հետ Երեւանում կայանալիք հանդիպման ժամանակ առաջարկելու է նոր՝ հայկական համալսարան բացել Ջավախքում: Նույն առաջարկը նա ներկայացրել էր Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիին:

Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը հաստատել է, որ նման առաջարկ եղել է, բայց հրաժարվել է մեկնաբանություններից մինչեւ երկու նախարարների հանդիպումը Երեւանում:

Միաժամանակ, կրթության եւ գիտության նախարարության խոսնակ Քեթի Չխոբաձեն ասել է, որ վրացական համալսարաններ ընդունվել ցանկացող հայերի, ադրբեջանցիների եւ օսերի համար վրացերենի դասընթացներ կկազմակերպվեն:

«Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ամեն ինչ կունենան վրացերենին տիրապետելու համար: Դասընթացները կլինեն ազատ, ավելին՝ սովորողները 100 լարի կրթաթոշակ կստանան»,֊ - ասել է խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG