Մատչելիության հղումներ

Հակաիրանական ակցիայի փորձ` Բաքվում


Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսն ու Ադրբեջանի ազգային անկախության կուսակցությունն այսօր փորձել են ակցիա անցկացնել Բաքվում Իրանի դեսպանատան մոտ` ի նշան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի պաշտոնական այցի դեմ բողոքի: Ակցիան նախատեսվում էր անցկացնել կեսօրին, սակայն ոստիկանությունը խափանել է այն` արգելափակելով ցուցարարների ճանապարհը:

«Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ 11 մարդ է ձերբակալվել: Ոստիկանության բաժանմունքում հարցաքննելուց եւ ինքնությունը պարզելուց հետո նրանք ազատ են արձակվել:

Ոչ պաշտոնական տվյալներով` Իրանում 35 միլիոն ադրբեջանցի է ապրում: Ադրբեջանի մի շարք քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ քննադատում են Իրանին Հարավային Ադրբեջանում մարդու իրավունքները խախտելու մեջ:

Day.az-ը հաղորդում է, որ իրավապահները խոչընդոտել են նաեւ լրագրողների մասնագիտական աշխատանքը: Ֆոտոլրագրողները, մասնավորապես, հայտնում են, որ իրավապահները պահանջել են ջնջել նկարահանված կադրերը:

Իրավապահների պնդմամբ, սակայն, ոչ ոք բերման չի ենթարկվել: Իսկ շրջանային ոստիկանության պետի տեղակալ Քյամալ Վյալիշովի խոսքերով` «ոչ մի ակցիա տեղի չի ունեցել»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG