Մատչելիության հղումներ

Գազի մատակարարումը Հայաստան վեց օրով դադարեցվել է


Այսօրվանից վեց օրով դադարեցվել է գազի մատակարարումը Հայաստան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, Հայաստան եւ Վրաստան գազամատակարարման դադարեցումը կապված է Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների հետ:

«Ես կասեի` դա ոչ թե վթար է, այլ վերականգնողական աշխատանքներ, պլանային աշխատանքներ են` ամենամյա, որոնք պարբերաբար կատարվում են, բնականաբար, ցանկալի է` ամռան սեզոնին», - պարզաբանեց Շուշան Սարդարյանը:

«Հայռուսգազարդ»-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի սպառողների անխափան գազամատակարարումը կապահովվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի պահեստավորված գազի հաշվին:

Այն հարցին, թե Աբովյանի գազապահեստարանը քանի՞ օրվա գազ կարող է ապահովել, «Հայռուսգազարդ»-ի մամլո քարտուղարը պատասխանեց. - «Մենք ունեցել ենք ավելի, այսպես ասեմ` ճգնաժամային իրավիճակներ, 10-12 օրով, եւ կարծում եմ, դարձյալ մեր սպառողները չեն զգացել որեւէ հետեւանք»:

Այնուհանդերձ, Շուշան Սարդարյանը չի կարծում, թե գազամատակարարման դադարեցումը կարող է երկարաձգվել:

Ինչ վերաբերում է Երեւանի մի շարք հատվածներում գազի մատակարարման դադարեցման հետ կապված բողոքներին, ապա «Հայռուսգազարդ»-ի մամլո քարտուղարը ընդգծեց. - «Մենք դեռ անցած շաբաթ հայտարարություն ենք հրապարակել` զգուշացնելով, որ երեք օր առանձին թաղամասեր, այդ թվում Կենտրոն համայնքի մի շարք թաղամասեր, գազազրկվելու են` կապված գազաբաշխման ցանցում ներմիացման աշխատանքներ կատարելու հետ: Դրանք պլանավորված աշխատանքներ էին եւ նախատեսված էին դեռեւս անցյալ շաբաթ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG