Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը երաշխավորում է Բաքվում հայ մարզիկների անվտանգությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անձամբ երաշխավորել է սեպտեմբերի 17-ին Բաքվում մեկնարկող ըմբշամարտի աշխարհի առաջնության հայ մասնակիցների անվտանգությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ջավիդ Ղուրբանովը:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության վկայությամբ, Ղուրբանովը հաստատել է, որ սեպտեմբերի 15-ին Ադրբեջան է ժամանելու հայ մարզիկների 16-հոգանոց պատվիրակություն, իսկ հաջորդ օրը` հայկական եւս մեկ պատվիրակություն, որում ընդգրկված կլինեն ազատ ոճի 17 ըմբիշներ:

Ադրբեջանցի ծայրահեղականները սպառնում են թույլ չտալ հայերին այցելել Բաքու: Մասնավորապես, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» հայտարարել է, թե խոչընդոտելու է ինչպես հայ մարզիկների, այնպես էլ սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի ոստիկանության պետի կամ որեւէ այլ ներկայացուցչի այցը Բաքու:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ծայրահեղական կազմակերպությունը, անթույլատրելի համարելով «օկուպանտ երկրի» ներկայացուցիչների այցը Բաքու, պնդել է, թե «պայմաններ ստեղծելով նման այցերի համար` Ադրբեջանի կառավարությունը դավաճանում է ազգային շահերին»:

«Հնարավոր հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի կառավարության վրա», - ասված է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG