Մատչելիության հղումներ

Հենրի Օբերինգ. «Գաբալայի կայանը չափազանց մոտ է Իրանին` այն որպես այլընտրանք օգտագործելու համար»


Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը չափազանց մոտ է Իրանին` Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերին այլընտրանք հանդիսանալու համար: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը:

«Դա անչափ մոտ կլիներ հրթիռները միջին հեռավորության վրա որսացող ռադարի համար», - ասել է Օբերինգը:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նշել է նաեւ, որ Գաբալայի կայանը համատեղ օգտագործելու` Ռուսաստանի առաջարկը արժանի է ուշադրության, սակայն ոչ որպես այլընտրանք Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու` ամերիկյան կողմի ծրագրերին, այլ որպես դրանց լրացում:

Նրա կարծիքով, Գաբալայի կայանը կարող է օգտագործվել Իրանի տարածքից հրթիռների արձակմանը հետեւելու համար` դրանց թռիչքի սկզբնական փուլում, սակայն հենց հրթիռները դուրս գան կայանի ընդգրկման սահմաններից, դրանց հետագա որսումը խնդրահարույց կդառնա: Այդ իսկ պատճառով, վստահ է Օբերինգը, անհրաժեշտ է Չեխիայում տեղակայել հզոր ռադար:

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ օգտագործելու առաջարկը Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` հունիսին Գերմանիայում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ:

Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու ծրագրերի մասին Պենտագոնը հայտարարել էր մարտի սկզբին: Չնայած ամերիկյան կողմի հավաստիացումներին, որ համակարգը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ, այլ Իրանից եւ Հյուսիսային Կորեայից հնարավոր վտանգից պաշտպանության նպատակ է հետապնդում, այդ ծրագրերը հարուցեցին պաշտոնական Մոսկվայի բուռն հակազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG