Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին


Ամերիկահայ խոշոր գործարար Ժիրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին:

Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Ժիրայր Հովնանյանի մահվան մասին։ Ժիրայր Հովնանյանը, լինելով Հովնանյանների բարերար ընտանիքի ներկայացուցիչ, հայ բարեգործության ավանդների արժանի շարունակողներից էր, որ իր արդյունավետ գործունեությունն է ծավալել թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում»։

Ժիրայր Հովնանյանը վախճանվել է երեքշաբթի օրը ԱՄՆ-ում` Մաունթ Լոուրելի իր տանը, 80 տարեկանում:

Ժիրայր Հովնանյանը ծնվել է Իրաքի Քիրկուկ քաղաքում հայաստանցի փախստական ընտանիքում: Միացյալ Նահանգներ ներգաղթել է 1948 թվականին: 1952-ին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հիշեցնում է, որ Հովնանյանն իր շինարարական ընկերությունը ստեղծել է 1968 թվականին: Անցած 40 տարիների ընթացքում J.S. Hovnanian & Sons ընկերությունը կառուցել է 6 հազարից ավելի շենքեր հիմնականում Բըրլինգթոնում, Քամդենում եւ Գլոչեսթըրում:

Ամերիկային մատուցած ծառայությունների համար 2006 թվականին Հովնանյանին շնորհվել է Ellis Island պատվո մեդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG