Մատչելիության հղումներ

Ուոթերթաունի քաղաքային խորհուրդը խզում է կապերը Հայոց ցեղասպանությունը հերքող կազմակերպության հետ


ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է կապերը խզել հրեական համաամերիկյան «Ընդդեմ վարկաբեկման միություն» կազմակերպության հետ` վերջինի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով:

«Արեւելյան Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ուոթերթաունի քաղաքային խորհրդի ընդունված որոշումը, որում ասված է, թե Ուոթերթաունում Հայոց ցեղասպանության ուրացումը տեղ չունի», - ասել է հանձնախմբի ատենապետ Շարիստան Մելքոնյանը: - «Հույս ունենք, որ այս քայլը «Ընդդեմ վարկաբեկման միություն» կազմակերպությանը եւ դրա համաամերիկյան ղեկավար Աբրահամ Ֆաքսմանին կստիպի փոխել իրենց կեցվածքը այս հարցի կապակցությամբ եւ վերջ կտա Հայոց ցեղասպանությունը Կոնգրեսի կողմից վերահաստատելու դեմ նրանց գործի դրած ճիգերին»:

Ուոթերթուանի քաղաքային խորհրդի անդամ Մերիլին Դեւընիի կողմից ներկայացված հայտարարության մեջ ասված է. - «Քաղաքային խորհուրդը մտահոգված է, որ «Ընդդեմ վարկաբեկման միություն»-ը ժխտում է 1915-23 թվականների հայոց ահավոր ցեղասպանության փաստը: Այդ պատճառով քաղաքային խորհուրդը չի կարող կապերը շարունակել այսպիսի կազմակերպության հետ»:

Ինչպես իր արտահերթ համարում նշել է «Հայրենիք» շաբաթաթերթը, Ուոթերթաունի քաղաքային խորհրդի նիստը երբեք այնքան մարդաշատ չէր եղել, ինչպես երեքշաբթի օրը, քանի որ նիստին մասնակցում էին քաղաքում եւ շրջակա տարածքներում բնակվող մեծաթիվ հայեր:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG